Armenian text to speach

ՔՊ վարչության փակ քվեարկությունում Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ երեկոյան կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության դռնփակ նիստում Ալեն Սիմոնյանը ստացել է 20 հոգանոց վարչության ընդամենը 5 կողմ ձայնը։

Թեև վերջին օրերին ՔՊ-ի ներսում Ալեն Սիմոնյանի կողմից ակտիվորեն տարածվում էին տեղեկություններ, թե Նիկոլ Փաշինյանի «դաբրոն» կա, և անխուսափելիորեն կրկին Սիմոնյանը կընտրվի ԱԺ նախագահի թեկնածու, այնուամենայնիվ, իշխանական կուսակցության ներսում տեղի ունեցած զարգացումները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս։

Երեկ կայացած վարչության նիստում առաջադրված թեկնածուների մասին քննարկումների առանցքային թեման եղել է ընտրության դեպքում ՔՊ-ի անխոցելիությունը, և այդ համատեքստում է դիտարկվել Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 կողմ ձայն, ինչը կուսակցության ղեկավար մարմնի ներսում նրա աջակցության էական նվազման մասին է վկայում։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես առաջադրված թեկնածուներից է եղել, սակայն ստացել է զգալիորեն ավելի քիչ ձայն։

Իսկ վարչության 20 անդամներից կեսից ավելիի աջակցությունը ստացել է փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, որն այս փուլում դարձել է ՔՊ-ի ներսում ԱԺ նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը։

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը ռեկորդակիր է որպես ԱԺ նախագահ, քանի որ նա նորանկախ Հայաստանի խորհրդարանի այն խոսնակն է, որը մի ամբողջական ժամկետ պաշտոնավարել է։ Մնացած նախագահների պաշտոնավարումը մշտապես կիսատ է մնացել. կա՛մ սպանվել են, կա՛մ պարզապես հրաժարական են ներկայացրել տարբեր հանգամանքներով պայմանավորված։




Լրահոս