Armenian text to speach

Երևանում 256 վարորդ տուգանվել է, սակայն քաղաքապետարանը չի հաշվարկել «անվճար» ուղևորությունների պատճառած վնասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«TelCell» վճարային համակարգի ներդրումից հետո «Երևանի ավտոբուս» ընկերությունում 256 վարորդ ենթարկվել է կարգապահական տույժի (նկատողություն կամ խիստ նկատողություն) կանգառում կանգառ չկատարելու համար։ Այս մասին ArmLur.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի Քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից նաև փոխանցեցին, որ «Երևանի ավտոբուս» ընկերությունում, որպես կարգապահական տույժ, աշխատավարձից պահում առհասարակ չի արվում։ «Ընկերությունում նաև ուղեվարձի վճարումը չվերահսկելու և կանգառում կանգառ չկատարելու համար աշխատանքից որևէ մեկը չի ազատվել»,-հայտնեցին քաղաքապետարանից:

Միևնույն ժամանակ, քաղաքապետարանը ներկայացրել է վերջին ամիսների տվյալները՝ նշելով, որ վճարումների աճ է արձանագրվել։ Մասնավորապես, մարտին գրանցվել է 10 մլն 231 հազար 704 վավերացում, հավաքագրվել է 1 մլրդ 255 մլն 801 հազար 760 դրամ հասույթ, իրականացվել է 3 հազար 781 ստուգում, կազմվել է 359 արձանագրություն։

Ապրիլին վավերացումների թիվը հասել է 12 մլն 635 հազար 595-ի, հասույթը՝ 1 մլրդ 592 մլն 799 հազար 760 դրամի, իրականացվել է 13 հազար 613 ստուգում, կազմվել է 279 արձանագրություն։

Իսկ մայիսին արձանագրվել է արդեն 13 մլն 657 հազար 219 վավերացում, հավաքագրվել է 1 մլրդ 710 մլն 622 հազար 30 դրամ հասույթ, իրականացվել է 35 հազար 442 ստուգում, իսկ կազմված արձանագրությունների թիվը կազմել է 602։

ArmLur.am-ին նաև փոխանցեցին, որ վավերացումների աճը պայմանավորված էոչ միայն վարորդների ներգրավվածությամբ, այլև հսկողության ուժեղացմամբ։

Հատկանշկան է այն, որ չի իրականացվել հստակ հաշվարկ, թե ուղևորավարձի չվճարման հետևանքով ընդհանուր առմամբ որքան ֆինանսական վնաս է կրել քաղաքային տրանսպորտի համակարգը՝ այն պատճառաբանությամբ, որ «Վնասի չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ չվճարողների հստակ թիվը հայտնի չի եղել»։

Նանիկ Աղասյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս