Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է շուրջ 650 միլիոն դոլարի ֆինանսավորում մայրաքաղաքում մի շարք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման համար։
ArmLur.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին քաղաքապետը հայտարարել է գործակարգավարական խորհրդակցության ընթացքում՝ նշելով, որ ֆինանսավորման հարցը հաստատվել է ՀՀ կառավարության և ներդրումային կոմիտեի կողմից։
Ավինյանի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի նոր կայարանի կառուցմանը, Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների ամբողջական արդիականացմանը, հանրային տրանսպորտի համար վերջին խմբաքանակի էլեկտրական ավտոբուսների ձեռքբերմանը, երկու դեպոների վերանորոգմանը, առանձնացված ավտոբուսային գծերի ներդրմանը, ինչպես նաև Դալմայի տարածքում շուրջ 250 հեկտար նոր այգիների ստեղծմանը։
Քաղաքապետի գնահատմամբ՝ խոսքը Երևանի համար առանցքային նշանակություն ունեցող ծրագրերի մասին է։ Նա ընդգծել է, որ կառավարությունն արդեն ստանձնել է ֆինանսական պարտավորությունները, իսկ քաղաքապետարանը կիրականացնի նախատեսված ենթակառուցվածքային ծրագրերը։
Անդրադառնալով Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը՝ Ավինյանը նշել է, որ այն ներկայում ամենապատրաստ փուլում գտնվող նախագիծն է։ Միաժամանակ նա արձանագրել է, որ տարիներ շարունակ նման խոշոր նախագծերի չիրականացման հետևանքով երկրում թուլացել են դրանց կառավարման և իրականացման կարողությունները, ինչն էլ, ըստ նրա, որոշակի ձգձգումների պատճառ է դառնում։
«Մենք հասկանում ենք այն մարդկանց, ովքեր թերահավատորեն են մոտենում այս գործընթացին, սակայն պետք է հաշվի առնել, որ եթե տասնամյակներ շարունակ նման ծրագրեր չեն իրականացվում, դրանց կառավարման և իրականացման փորձը ժամանակի ընթացքում կորչում է։ Այսօր մեր հիմնական դժվարությունն էլ հենց դրա հետ է կապված»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Անի Վարդանյան




























