Armenian text to speach

Ավինյանը ՔՊ-ական նախկին պատգամավորին թաղապետ է նշանակելու. ով է Միքայել Թումասյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շարունակում է վարչական շրջանների ղեկավարների կադրային վերադասավորումները։

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո, ըստ Radar Armenia-ի տեղեկությունների, նրա փոխարեն նշանակվելու է ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ-ական Միքայել Թումասյանը։

Այսպիսով, Նուբարաշենի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել մի գործիչ, որի անունն արդեն իսկ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում՝ ոչ միայն քաղաքական անցյալի, այլև ունեցվածքի վերաբերյալ հարցերի պատճառով։

Ո՞վ է Միքայել Թումասյանը, և ինչո՞վ է նա հայտնի։

Թումասյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 18-ին՝ Երևանում։ Ըստ Դավթաշենի վարչական շրջանի պաշտոնական կենսագրության՝ 1997 թվականին ընդունվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, 1999-2001 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Նույն կենսագրության համաձայն՝ 2002-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ Հայաստանում և արտերկրում։

2018 թվականից նա ակտիվորեն ներգրավվել է քաղաքականության մեջ, անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և դարձել Դավթաշենի տարածքային գրասենյակի պատասխանատուն։ Նույն թվականի հոկտեմբերի 27-ին նշանակվել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

2021 թվականին Թումասյանն արդեն ՔՊ համամասնական ցուցակով հայտնվել է Ազգային ժողովում՝ դառնալով իշխող խմբակցության պատգամավոր։

2023 թվականի նոյեմբերի 1-ին «Ժողովուրդ»-ը հրապարակել էր նրա և ընտանիքի ունեցվածքի ու եկամուտների վերաբերյալ ուսումնասիրություն՝ «Կենսագրություն չունեցող ՔՊ-ական պատգամավորը հարստացել է. ի՞նչ է անում դատախազությունը» վերնագրով։

Հրապարակման մեջ օրաթերթը հարց էր բարձրացրել, թե ինչպես է գոյացել Թումասյանի ընտանիքի ունեցվածքը, եթե պաշտոնական կենսագրության և հայտարարագրերի տվյալների միջև հարցեր ու անհամապատասխանություններ կային։

Մասնավորապես, ըստ 2018 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ Թումասյանը հայտարարագրել էր մեկ բնակարան, մեկ առանձնատուն, Nissan Altima մակնիշի ավտոմեքենա և 11 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Մինչդեռ նույն հայտարարագրում 2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնը ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացված չէին։

«Ժողովուրդ»-ի 2023 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Թումասյանի կինը՝ Տատյանա Մալկովան, հայտարարագրել էր 2010 թվականի արտադրության Porsche ավտոմեքենա և 57 հազար 500 դոլար կանխիկ դրամական միջոցներ։ Օրաթերթը հարց էր բարձրացրել նաև ընտանիքի եկամուտների և ծախսերի հարաբերակցության վերաբերյալ։

Հիմա, երբ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերադասավորումներ է իրականացնում վարչական շրջանների ղեկավարների կազմում, հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված Միքայել Թումասյանի թեկնածության ընտրությունը։

Նա արդեն ղեկավարել է Դավթաշենը, եղել է իշխող կուսակցության պատգամավոր, իսկ այժմ կարող է կրկին վերադառնալ համայնքային կառավարման համակարգ՝ այս անգամ Նուբարաշենում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին պաշտոններից ազատվել էին Նուբարաշենի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նոր նշանակումներն ու պաշտոնանկությունների պատճառները պաշտոնական պարզաբանման կարիք ունեն։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս