Երևանը խցանված է, ՔՊ-ն՝ ներքին մրցակցության մեջ։ Սակայն ճանապարհը դեպի քաղաքապետի աթոռ, կարծես, անցնում է հենց Ավինյանի դեմ քննադատության միջով։
«Ժողովուրդ» օրաթերթի՝ նոյեմբերի 3-ի հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ ՔՊ-ի ներսում 2028 թվականի Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մրցակցություն է հասունանում Տիգրան Ավինյանի և Ալեն Սիմոնյանի միջև։ Ըստ հրապարակման՝ Սիմոնյանը հավակնում է քաղաքապետի թեկնածու դառնալուն, իսկ Ավինյանը մտադիր չէ զիջել իր աթոռը։
Եվ ահա, մեր հրապարակումից օրեր անց իշխանական ներքին մրցակցության մասին խոսակցությունները նոր հետաքրքիր երանգ են ստանում։
Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, հայտնվելով Երևանի խցանումների մեջ, որոշել է ավտոլայվով հանրությանը ներկայացնել մայրաքաղաքի երթևեկության իրական պատկերը։ Իսկ նրա քննադատության հիմնական հասցեատերը, թեպետ անունը շարունակաբար չի հնչում, միանգամայն հասկանալի է՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Հակոբյանը խոսել է նորակառույց շենքերի, շինթույլտվությունների, բնակչության ու մեքենաների աճի մասին՝ հակադրելով դրանց բացակայող ճանապարհային ենթակառուցվածքները։ Նրա ձևակերպմամբ՝ Երևանում A կետից C կետ հասնելու համար մարդուն արդեն տիեզերագնացի առողջություն է անհրաժեշտ, իսկ քաղաքում տեղաշարժվելը կարող է դառնալ «ինֆարկտի բուն»։
Աննա Հակոբյանի խոսքում առանձնապես ուշագրավ է այն, որ նա փաստացի հարցականի տակ է դնում քաղաքապետարանի աշխատանքի արդյունավետությունը՝ շեշտելով, որ միլիոնավոր դոլարների ներդրում կատարող ընկերություններին շինարարության թույլտվություն տալն ավելի հեշտ է, քան քաղաքի զարգացման երկարաժամկետ պլանավորումը։

Սակայն պատմության ամենահետաքրքիր քաղաքական դրվագը Ալեն Սիմոնյանի արձագանքն է։ Նա կիսվել է Աննա Հակոբյանի տեսանյութով՝ այդպիսով հանրային հարթակում տարածելով գործող քաղաքապետի հասցեին հնչած քննադատությունը։
Ստացվում է՝ ՔՊ-ում բոլորը խոսում են թիմային համերաշխությունից, իսկ այսօր վարչապետի տիկնոջ քննադատությունը դառնում է ներքաղաքական մրցակցության առիթ։
Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ 2028 թվականի քաղաքապետի ընտրությունների շուրջ ՔՊ-ում արդեն իսկ մրցակցություն կա։
Իսկ երևանցիների համար այս քաղաքական ներկայացման մեջ ամենահետաքրքիրն այն է, որ քաղաքում խցանումները չեն վերանում՝ անկախ նրանից, թե ով ում տեսանյութն է տարածում, ով ում է քննադատում և ով է պատրաստվում զբաղեցնել քաղաքապետի աթոռը։
Աննա Հանյան




























