Armenian text to speach

ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «միանգամայն անհրաժեշտ» էին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված նոր հարվածները «միանգամայն անհրաժեշտ» էին։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, ԱՄՆ-ի զինված ուժերը երեքշաբթի օրը նոր հարվածների շարք են իրականացրել Իրանի դեմ, իսկ Վաշինգտոնը չեղարկել է Իրանի կողմից նավթի վաճառքը թույլատրող արտոնությունը։ Այդ քայլերը հաջորդել են Հորմուզի նեղուցում երեք նավերի ուղղությամբ իրականացված հարձակումներին, որոնք լրացուցիչ լարվածություն են առաջացրել արդեն իսկ փխրուն հրադադարի պայմաններում։

«Երբ կա հրադադար, և Իրանը փաստացի խախտում է այն, կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն ուժային արձագանք տա»,- լրագրողներին ասել է Մարկ Ռյուտեն։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ նման իրավիճակում Միացյալ Նահանգների արձագանքը անհրաժեշտ էր՝ հաշվի առնելով հրադադարի խախտումները։

Ռյուտեի հայտարարությունները հնչել են Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում, որտեղ դաշնակից երկրների ղեկավարները քննարկում են նաև ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների հարաբերությունները։

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Միացյալ Նահանգները շարունակում է ամբողջությամբ հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ին։ Միևնույն ժամանակ Ռյուտեն նշել է, որ ակնկալվում է, որ եվրոպական երկրներն ու Կանադան կավելացնեն իրենց պաշտպանական ծախսերը՝ դրանք հավասարեցնելով ԱՄՆ-ի մակարդակին։

«Կարծում եմ՝ դա լիովին արդար պահանջ է»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա նաև նշել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումը «մեծ հաղթանակ» է, որը, ըստ նրա, պարտություն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար և հաղթանակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, քանի որ եվրոպական երկրներն ու Կանադան գնում են այդ ուղղությամբ։

Անի Վարդանյան




Լրահոս