ArmLur.am-ը շարունակում է «Կյանքը ճաղերի հետևում» հաղորդաշարը։ Այս անգամ ArmLur.am-ի նկարահանող խումբը գտնվում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում։
Արթուր Լյովայի Էլոյանը 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, որպես զենք օգտագործվող առարկաներով՝ դանակով և կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի ապակյա շշով զինված, գույք հափշտակելու դիտավորությամբ մտել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակչուհու տուն։
Հասնելով հիշյալ գյուղի 3-րդ փողոցի 27-րդ տան մոտ՝ իրականացնելով իրենց հանցավոր մտադրությունը, ցանկապատն անցնելու միջոցով հարձակում են կատարել և ապօրինի մուտք գործել Մարո Վարդանյանի տան բակ, իսկ տան պատուհանի կիսաբաց փեղկը ֆիզիկական ուժի գործադրմամբ ամբողջությամբ բացելու եղանակով՝ նաև Մարո Վարդանյանի բնակարան։
Լսելով տանը գտնվող Մարո Վարդանյանի դստեր՝ Մարի Վարդանի Վարդանյանի ձայնը, Արթուր Էլոյանը վազելով մտել է նրանց գտնվելու սենյակ և, անկողնում պառկած Մարո Վարդանյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի շշով մի քանի անգամ հարվածել է վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին։ Այնուհետև Մարո Վարդանյանին պառկեցրել է անկողնու վրա, սավանով կապել նրա բերանը, ձեռքերը և ոտքերը, սպանության և տունը հրկիզելու սպառնալիքներ տվել, որից հետո Գրիշա Մարտիրոսյանի հետ հափշտակել են Մարո Վարդանյանին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 6 միլիոն 760 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդերը, կանխիկ գումարը, պլանշետը, դյուրակիր համակարգիչը և բջջային հեռախոսները։
Մարո և Մարի Վարդանյաններին թողնելով կապկպված վիճակում՝ նրանք հեռացել են։
Այս արարքի համար Արթուր Էլոյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
























































































