Արաբկիրի Վաղարշյան փողոցի բակերից մեկում նախօրեին հնչած կրակոցների դեպքով մեկ անձ ձերբակալվել է, այս մասին ArmLur.am-ին տեղեկացրել են Քննչական կոմիտեից։ Իրավապահ կառույցից մանրամասնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածների հատկանիշներով:
Հիշեցնենք՝ երեկ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ ժամը 19։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշյան փողոցի 24/6 շենքի բակային հատվածում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, նշված հասցեից 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Ըստ Շամշյանի՝ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված ավտոմեքենաներ. մեկի վրա առկա է եղել կրակոցի հետք, մյուս ավտոմքենայի վրա՝ արնանման հետքեր են եղել։ Հայտնաբերվել է նաև կացնի պոչ, որի վրա նույնպես արնանման հետքեր են եղել, ինչպես նաև գլխարկներ, հողաթափեր՝ կրկին արնանման հետքերով։




























