Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող բրիգադային գեներալ Իբրահիմ Բյույուքբաշը հայտարարել է, որ 2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ծրագրվել է մահափորձ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Անվար Սադաթի սպանության նմանությամբ։
Գեներալի խոսքով՝ մահափորձի ծրագիրը կապված է եղել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Նա պնդում է, որ Էրդողանի դեմ մի քանի մահափորձ է նախապատրաստվել, որոնցից մեկը նախատեսված էր Սադաթի սպանության սցենարով։
«Հեղաշրջման փորձից առաջ նախագահ Էրդողանի դեմ մի քանի մահափորձ էր ծրագրվում»,- գեներալի խոսքերը փոխանցում է թուրքական Yeni Akit թերթը։
Բյույուքբաշի խոսքով՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից առաջ Թուրքիայի նախագահը պետք է մասնակցեր ռազմական զորավարժությունների, սակայն ծրագիրը չեղարկվել է «կասկածելի ակտիվության» հայտնաբերումից հետո։
Նրա պնդմամբ՝ ավելի ուշ պարզվել է, որ Էրդողանին սպանելու ծրագիրը նմանեցված է եղել Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սպանությանը, որը տեղի էր ունեցել 1981 թվականին՝ Կահիրեում ռազմական շքերթի ժամանակ։
Գեներալը նաև հայտարարել է, որ հեղաշրջման փորձից մոտ երեք ամիս առաջ Թուրքիայում արգելված և Անկարայի կողմից հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող FETÖ կազմակերպության կողմնակիցները ծրագրել էին Էրդողանին առևանգել Մարմարիսում, տեղափոխել Դալամանի օդանավակայան, այնտեղ նստեցնել օտարերկրյա ավիաընկերության ինքնաթիռ և սպանել։
Նրա խոսքով՝ հետաքննության նյութերում հիշատակվում է շվեյցարական Albinati Aeronautics ընկերության ինքնաթիռը, որը Էրդողանի՝ Դալամանի օդանավակայան ժամանելուց կարճ ժամանակ առաջ արտակարգ թռիչքի թույլտվություն էր խնդրել։ Գեներալը նշել է, որ ինքնաթիռը թռիչքը չեղարկել է նախագահի օդանավակայանից հեռանալուց անմիջապես հետո։
Բյույուքբաշը հավելել է, որ գործի նյութերում հիշատակվում են նաև ինքնաթիռի օտարերկրյա ուղևորներ, որոնք հետագայում լքել են Թուրքիան։
Միաժամանակ նշվում է, որ գեներալի հայտարարությունների վերաբերյալ անկախ հաստատումներ չեն ներկայացվել։ Թուրքական իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել նրա պնդումները։
Հիշեցնենք՝ 2016 թվականի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջման փորձ, որի հետևանքով զոհվեց ավելի քան 250 մարդ։ Այդ գիշեր Էրդողանը գտնվում էր Մարմարիսում՝ հանգստի վայրում, և հյուրանոցից հեռացել էր կարճ ժամանակ առաջ, երբ այնտեղ էին ժամանել նրա դեմ գործողություն իրականացնող զինվորականները։ Հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայում իրականացվեցին լայնածավալ հետաքննություններ և դատավարություններ՝ ենթադրյալ կազմակերպիչների ու մասնակիցների նկատմամբ։
Անի Վարդանյան




























