Armenian text to speach

Էրեբունու կրակոցների գործով ՃՈ նախկին պետի մորաքրոջ տղան կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Էրեբունու աղմկահարույց կրակոցների գործով կալանավորվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի մորաքրոջ տղան՝ Գուրգեն Սիրունյանը։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս կալանավորելու նպատակով միջնորդություն է ներկայացվել դատարան։ Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինիս ձերբակալել են քրեական ենթամշակույթ կրելու շրջանակներում, և ձերբակալումը պայմանավորված է Էրեբունու՝ Մուրացան 109 հասցեում գտնվող խաղատան գործունեության մասով։

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Էրեբունու կրակոցների վերաբերյալ։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ աղմկահարույց կրակոցներից մեկ շաբաթ առաջ կրակոցների կազմակերպիչները կռիվ և հայհոյանքներ են հնչեցրել, իսկ վիճաբանության պատճառը եղել է բիզնեսում առաջացած անհամաձայնությունը, բիզնեսը չկիսելը և վրեժ պահելը։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի կազմակերպիչների կլանը հասնում է Կոտայքի մարզ։ Ավելին, միջադեպի բուն կրակոցները խորքային պատճառներ ունեն։ Միջադեպի հետ առնչություն ունեցող անձինք արտերկրում բիզնես են իրականացնում, մասնավորապես՝ ներգրավված են ծխախոտի սև շուկայում, և այլ անձանց՝ իրենց բիզնեսում հայտնվելը խիստ ծանր են տարել։ Դրա հետևանքով սկսել են հաշիվներ մաքրել միմյանց հետ։ Արդյունքում, գործը հասել է Էրեբունիում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներին։

Քրեական վարույթի շրջանակներում անգամ կին է հարցաքննվել։ Այս պահին կալանավորվածը աղմկահարույց կրակոցների պարագլուխներից Արմեն Օհանյանն է։

Երեկ հայտնել էինք, որ Էրեբունիում հնչած կրակոցների գործով իրավապահները հարցաքննել են 30-ից ավելի անձի։ Հայտնել էինք նաև, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և ներկայացվել է դատարան՝ կալանավորելու նպատակով։

Էրեբունիում 30-ից ավելի կրակոցների հետևանքով սպանվածը 20-ամյա Վահե Մկրտչյանն է։ Վերջինս հենց Էրեբունի վարչական շրջանի բնակիչ է։ Ավելին, հայտնել էինք, որ կրակոցների հետևանքով վիրավորվածը 15-ամյա Գ. Մարգարյանն է։

Հուլիսի 18-ին հայտնել էինք, որ կրակոցների դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է եղել։ Սակրավորների խումբ էր շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել էր նռնակ, որը, բարեբախտաբար, չէր պայթել։

Ըստ ՆԳՆ-ի՝ հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել էր դի։ Ձեռնարկվում էին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քնար Մանուկյան




Լրահոս