Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահը հրաման է արձակել՝ արքայազն Աբդուլ Մալիքի կնոջը՝ 33-ամյա Պենգիրան Ռաաբիաթուլ Ադավիյա Պենգիրան Հաջի Բոլկիահին, զրկելու թագավորական տիտղոսներից։
Թագավորական արքունիքի հայտարարության համաձայն՝ պատճառը նրա վարքագիծն է, որը «անհարիր է թագավորական ընտանիքի անդամի ամուսնուն»։ Տիտղոսներից զրկումը ուժի մեջ է մտել անմիջապես։
Արքունիքը չի հայտնել, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա վարքագիծը վնասել է միապետության հեղինակությանը և անհարգալից վերաբերմունք է համարվել սուլթանի նկատմամբ։
Արքայազն Աբդուլ Մալիքն ու նախկին արքայադուստրը ամուսնացել են 2015 թվականին և ունեն չորս երեխա։ Նրանց հնարավոր ամուսնալուծության մասին ևս տեղեկություններ են շրջանառվում։
80-ամյա Հասանալ Բոլքիահը Բրունեյը ղեկավարում է 1967 թվականից և աշխարհի ամենաերկար գահակալած միապետներից է։























































































