Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվում է շուրջ 5 մլրդ 365 մլն 640 հազար դրամ պահուստային ֆոնդից հատկացնել Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի ապահովելու տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ, դեղձ, նեկտարին), բանջարեղենի (լոլիկ, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի և պտղահատապտղային գինու, շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի, չորացրած մրգի կամ բանջարեղենի և իշխան ու թառափ տեսակի ձկների արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա հունիս և հուլիս ամսվա ծախսերը։
Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խոջոյանը, հուլիսին, համաձայն օպերատիվ տեղեկատվության, արտահանվել է 2325 տոննա պղպեղ, 1579 տոննա լոլիկ, շուրջ 3,6 մլն հատ ծաղիկ, 7010 տոննա ծիրան, 1715 տոննա կեռաս, 430 տոննա սալոր, 1645 տոննա դեղձ ու նեկտարին և այլն:
«Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով իրականացվող միջոցառումների և տնտեսվարողների ձեռնարկած քայլերի արդյունքում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում: Վերջին երկու ամիսների ընթացքում ծաղիկներն արտահանվել են 26 երկիր, միրգ՝ 21 երկիր, բանջարեղեն՝ 14 երկիր»,- ասել է Արման Խոջոյանը:
Անդրադառնալով արտահանման խթանման քաղաքականությանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե կայացված որոշումներն ինչպիսի ազդեցություն են ունենում տնտեսությունում առաջացած խնդիրների հաղթահարման վրա և ինչպես է գնահատվում դիվերսիֆիկացման գործընթացը։
Ի պատասխան Արման Խոջոյանը նշել է, յուրաքանչյուր շուկա պահանջում է հետևողական աշխատանք՝ ապրանքների դիրքավորման, մատակարարման ժամանակացույցի ճշգրտման և առևտրային ցանցերի ամբողջական համապատասխանության առումով։ Ըստ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի՝ այս փուլում տեղի են ունենում արտաքին շուկաների և մատակարարման շղթաների վերադասավորումներ.
«Միաժամանակ տնտեսվարողները և՛ ադապտացվում են փոփոխվող միջավայրին, և՛ նաև փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները»։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծված իրադրությունը համարում է հնարավորություն և պետք է ընդունել ադապտացիայի տրամաբանությունը, քանի որ այն բերում է նաև փոփոխությունների.
«Ադապտացիան հենց այն ամենակարևոր հատկանիշն է, որն էական նշանակություն ունի, ունեցել է և առաջիկայում պետք է ունենա մեր պետության, տնտեսության և մեր քաղաքականությունների համար։ Ադապտացիան պետք է դառնա մեր հիմնական գործելակերպը, որովհետև դա է, որ բերում է իրական փոփոխությունների»։




























