Armenian text to speach

Այսօր Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ վարչության նիստ է նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է նախատեսվում, որը կանցկացվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ականները Ազգային ժողովից ուղևորվելու են կուսակցության վարչության նիստին, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, լինելու են առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցերը։

ՔՊ-ում արդեն սկսել են ակտիվորեն նախապատրաստվել ՏԻՄ ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի ՏԻՄ ընտրությունների համար քվեարկության օրեր է սահմանել սեպտեմբերի 27-ը, հոկտեմբերի 25-ը և նոյեմբերի 29-ը։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հատկապես քննարկվելու է հոկտեմբերի 25-ին նախատեսված ընտրությունների հարցը։ Մասնավորապես, կուսակցության ներսում անհրաժեշտ է որոշել համայնքների ղեկավարների թեկնածուներին, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպչական մի շարք հարցեր։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկման առարկա են լինելու նաև ընտրատեղամասերում ՔՊ-ի աշխատանքը, վստահված անձանց ներգրավումը և ընտրական գործընթացի հետ կապված այլ կազմակերպչական հարցեր։

Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա ՏԻՄ ընտրությունների համատեքստում ՔՊ-ում հատկապես ուշադրության կենտրոնում է Կոտայքի մարզը, որտեղ սպասվում են մի շարք համայնքային ընտրություններ։ Հենց այս ուղղությամբ էլ կուսակցությունը պետք է առաջիկայում հստակեցնի իր թեկնածուների և նախընտրական աշխատանքի հետ կապված հարցերը։

Այսպիսով, խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական կուսակցության քաղաքական օրակարգն աստիճանաբար տեղափոխվում է նաև համայնքային ընտրությունների դաշտ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս