ArmLur.am-ը շարունակում է ուսումնասիրել Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց կենսագրություններն ու հայտարարագրերը։ Այս անգամ ներկայացնում ենք ՄՍԾ պետի տեղակալ Լիանա Թովմասյանի կենսագրությունն ու ունեցվածքը։
Ո՞վ է Լիանա Թովմասյանը
Լիանա Թովմասյանը ՄՍԾ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի դեկտեմբերի 10-ից։ Մինչ այդ նա աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում, այդ թվում՝ որպես նախարարի խորհրդական, իսկ 2019-2022 թվականներին աշխատել է ՊԵԿ իրավաբանական վարչությունում։ 2025 թվականին եղել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ։
Թովմասյանը իրավագիտության մագիստրոսի և բակալավրի աստիճանները ստացել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։ Բակալավրիատն ավարտել է գերազանցությամբ։ 2024 թվականին մասնակցել է նաև Լեյդենի համալսարանի և Հաագայի տեղական կառավարման ակադեմիայի MATRA Rule of Law ծրագրին։
2024 թվականից նա դասավանդում է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ում, ինչպես նաև Համաշխարհային բանկի Թվային արդարադատության աշխատանքային խմբի անդամ է։
Ինչ ունեցվածք ունի
2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Թովմասյանի անունով առկա է մեկ բնակարան Երևանում՝ Արաբկիր վարչական շրջանում։ Բնակարանը նրա միանձնյա սեփականությունն է, այն ձեռք է բերել 2023 թվականի օգոստոսի 15-ին՝ նվիրատվությամբ։
Տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք չի ձեռք բերել և գույք չի օտարել։ Տրանսպորտային միջոց, արժեթղթեր, ներդրումներ, բանկային ավանդներ նույնպես չի հայտարարագրել։
Տարեվերջին նրա երեք բանկային հաշիվներում առկա է եղել ընդհանուր 5 մլն 265 հազար 734 դրամ։ Բացի այդ, նա հայտարարագրել է 3 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Տարվա սկզբում կանխիկ գումարը կազմել էր 2 մլն դրամ։
Թովմասյանի 2025 թվականի ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 12 մլն 614 հազար 454 դրամ։ Այդ գումարը ձևավորվել է տարբեր պետական կառույցներից և կազմակերպություններից ստացած աշխատավարձերից ու դրան հավասարեցված վճարումներից։
Սոնա Գրիգորյան























































































