ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Հովհաննես Յուքինյանը։
Բայց ո՞վ է նախարարության նոր խոսնակը, և ի՞նչ ճանապարհ է անցել մինչև պետական համակարգում այս պաշտոնին հայտնվելը։
Յուքինյանի մասնագիտական կենսագրությունը, դատելով բաց աղբյուրներից, հիմնականում ձևավորվել է երեք ուղղությամբ՝ միջազգային հարաբերություններ, մեդիա և երիտասարդական/եվրոպական ծրագրեր։
Նա Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող է եղել։ 2022 թվականին ԵՊՀ-ն նրա մասին հրապարակում էր՝ նշելով, որ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում նա կրթություն էր ստանում Պորտուգալիայի Էվորայի համալսարանում։
Հանրայինից՝ պետական համակարգ
Յուքինյանի կենսագրության ուշագրավ հատվածներից մեկը Հանրային հեռարձակողի Մեդիա ակադեմիան է։
Հովհաննես Յուքինյանը աշխատել է լրագրող Հանրային հեռուստատեսության Մեդիա ակադեմիայում։
Հատկանշական է նաև նրա տարիքը․ Յուքինյանը պետական բարձր պաշտոնական համակարգ է մտնում բավական երիտասարդ տարիքում։ Նրա նախորդ կենսագրությունը ցույց է տալիս, որ նա այդ ճանապարհը սկսել է դեռ ուսանողական տարիներից՝ դպրոցական օլիմպիադաներից ու ԵՊՀ-ից, անցնելով միջազգային կրթական ծրագրերով և Հանրայինի մեդիա դպրոցով։ Օլիմպիադաների պաշտոնական հրապարակումներում նրա անունը դեռևս դպրոցական տարիներին՝ Արմավիրի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտների շարքում է հանդիպում։
Այսպիսով, ԿԳՄՍ նախարարության նոր խոսնակի կենսագրությունն առայժմ ավելի շատ երիտասարդ մասնագետի՝ մեդիայից պետական համակարգ անցնելու պատմություն է:
Սոնա Գրիգորյան




























