ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հրամանով՝ Կիմա Խաչատրյանը նշանակվել է նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում։
Կիմա Խաչատրյանը
[Անուն ազգանունը] ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։ Մասնագիտությամբ լրագրող է։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում՝ 2010-2014 թվականներին սովորելով միջազգային լրագրության, իսկ 2014-2016 թվականներին՝ միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագրում։
Լրագրության ոլորտում աշխատանքային գործունեությունը սկսել է 2013 թվականին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ աշխատել է որպես լրագրող և հեռուստաթղթակից։ Նույն ժամանակահատվածում աշխատել է նաև «Հետք» առցանց լրատվամիջոցում։
Հետագայում նրա մասնագիտական գործունեությունը շարունակվել է պետական կառավարման և հանրային հաղորդակցության ոլորտներում։ 2014-2016 թվականներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես պաշտոնական կայքի պատասխանատու, խմբագիր և լրատվական նյութերի թարգմանիչ։ Այնուհետև աշխատել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։
2019-2022 թվականներին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում՝ որպես հաղորդակցության համակարգող, իսկ 2022 թվականին՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնում՝ որպես հաղորդակցության փորձագետ։
2022 թվականից նրա աշխատանքային գործունեությունը կրկին կապվել է ՀՀ արդարադատության նախարարության հետ։ Այստեղ զբաղեցրել է միջազգային իրավական համագործակցության վարչության գլխավոր մասնագետի, ապա՝ միջազգային հաղորդակցության և արարողակարգի բաժնի պետի պաշտոնները։
2024-2025 թվականներին եղել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվող մասնագետների կարողությունների զարգացման վերապատրաստման ծրագրի համակարգող, այնուհետև ղեկավարել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային կապերի և միջազգային հաղորդակցության ուղղությունը։
2025-2026 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամում («Enterprise Armenia»)՝ որպես հասարակայնության հետ կապերի մենեջեր։
Մասնագիտական գործունեության ընթացքում նա հեղինակել է լրագրողական հոդվածներ և հեռուստատեսային ռեպորտաժներ։ Հեղինակել է նաև «Հետաքննական լրագրությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի գործիք. արտասահմանյան և հայկական լրատվամիջոցների օրինակով» և «Արևելյան գործընկերության ծրագիրը հետխորհրդային վերափոխումների երկրներում» աշխատանքները։
2016-2019 թվականներին Հայաստանը ներկայացրել է Եվրոպայի խորհրդի ԶԼՄ-ների և տեղեկատվական հասարակության հարցերով ղեկավար կոմիտեում (CDMSI)։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին։ Անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ որդի։




























