Armenian text to speach

ՖՈՏՈ․ ՀԱՊՀ-ի սպորտային համալիրը կվերակառուցվի և կարդիականացվի․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հետ ստորագրեցինք կարևոր համագործակցության հուշագիր, որով մեկնարկում ենք երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն՝ հանուն ՀԱՊՀ-ի զարգացման և մեր ուսանողների ու աշխատակիցների համար ավելի ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման։ Այս մասին հայտնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

«Մեր առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ-ի սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։

1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ նախատեսվում են՝

  • բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի և հանդբոլի մարզասրահներ,
  • լողավազան,
  • ուժային և կարդիո մարզասրահներ,
  • բռնցքամարտի և մարտարվեստների մարզասրահներ,
  • ըմբշամարտի մարզասրահ,
  • ինչպես նաև ժամանակակից հանդերձարաններ և անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ։

Սա պարզապես մարզադահլիճի վերանորոգում չէ։ Սա ներդրում է մեր համայնքի մեջ։

Մենք ցանկանում ենք, որ ՀԱՊՀ-ում ապագա ինժեները ոչ միայն բարձրակարգ մասնագետ լինի, այլև առողջ, ակտիվ, կարգապահ, թիմում աշխատելու, առաջնորդելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ ձևավորված անհատ։

Մեր համոզմամբ՝ ժամանակակից համալսարանը միայն լսարաններ և լաբորատորիաներ չեն։ Ժամանակակից համալսարանը միջավայր է, որտեղ գիտելիքը, գիտությունը, առողջությունը, սպորտը և մարդկային զարգացումը միասին են ձևավորում ապագայի մասնագետին։

Այս համագործակցությամբ մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանալու են ավելի բարձրակարգ պայմաններ՝ ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպի և համալսարանական ակտիվ կյանքի համար։

Եվ սա միայն սկիզբն է։

ՀԱՊՀ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև կրթության, գիտության, նորարարության, մարդկային կապիտալի և կրթական ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններով։

Շնորհակալություն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին վստահության, գործընկերության և ՀԱՊՀ-ի զարգացմանն ուղղված այս կարևոր ներդրման համար։

Կրթելով՝ կառուցում ենք ապագան։

Ներդնելով մարդու մեջ՝ կառուցում ենք երկիրը»։




Լրահոս