Armenian text to speach

Կառավարությունը միլիոններ կհատկացնի ԲԿ-ներին. կավելանա նաև Թոխմախի Մհերի որդու ընկերության պայմանագրի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայանալիք Կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը կզեկուցի մի նախագիծ, որով նախատեսվում է հարյուր միլիոնավոր դրամներ հատկացնել պետական բժշկական կենտրոններին ու զգալիորեն ավելացնել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող շինարարական պայմանագրերի գները։

Ըստ նախագծի՝ պետական բյուջեից 219 միլիոն 320 դրամ կհատկացվի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնին, իսկ 266 միլիոն 813 հազար դրամ՝ Արմավիրի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնին։ Ընդհանուր առմամբ շուրջ 485 միլիոն դրամն ուղղվելու է այս երկու կառույցների կանոնադրական կապիտալների ավելացմանը և բաժնետոմսերի ձեռքբերմանը։

Սակայն ուշագրավը միայն հոսող գումարների չափը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունը թույլատրում է շրջանցել «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի որոշ սահմանափակումներ և Սիսիանի, Մասիսի, Արտաշատի ու Ծաղկահովիտի ԲԿ-ների կառուցման և վերակառուցման պայմանագրերի ծավալները մեծացնել 8-ից մինչև 35 տոկոսով։

Այս ցանկում առավել ուշագրավ է Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի վերակառուցման դրվագը։ Կառավարության որոշմամբ թույլատրվում է աշխատանքների ծավալն ու պայմանագրի գինն ավելացնել մինչև 35,11 տոկոսով։ Այդ աշխատանքներն իրականացնում է «Բիլդր Քնսթրաքշն» և «Բիդեք» ՍՊԸ-ների կոնսորցիումը:

Հիշեցնենք, որ «Բիդեք» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ հանրությանը հայտնի որպես Թոխմախի Մհերի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Փաստացի ստացվում է, որ նախկինների դեմ խոսող իշխանությունները ոչ միայն պետական խոշոր տենդերներ են վստահում Թոխմախի Մհերի որդու ընկերությանը, այլև Կառավարության հերթական նիստով, առանց նոր մրցույթների, էլ ավելի են մեծացնում նրա ընկերությանը տրվող պետական ֆինանսավորման չափաբաժինը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս