ArmLur.am-ը Կառավարության օրակարգից տեղեկացավ, որ Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ ներգրավել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։
Նախագծի համաձայն՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։ Վարկային միջոցների հիմնական մասը նախատեսվում է ուղղել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Ֆինանսների նախարարության հիմնավորման համաձայն՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր է պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն ապահովելու համար։ Ծրագրի նպատակներից են նաև որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացումը և արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումը։
Նախատեսվող վարկի ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։ Կառավարությունը դեռ պետք է որոշի վարկի ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքի տարբերակը։ Լողացող տոկոսադրույքի դեպքում այն կկազմի տարեկան 5.1 տոկոս։
Նշենք, որ 2026 թվականի բյուջեով կառավարությունը նախատեսել էր դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ներգրավել 1.6 մլրդ դոլարի վարկային միջոցներ։
Հիշեցնենք, որ օգոստոսին կառավարությունը որոշում էր կայացրել ներգրավել 320 մլն դոլարի վարկ, իսկ սեպտեմբերին՝ ևս 80 մլն եվրոյի վարկ OPEC-ից՝ բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու նպատակով։
2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը գերազանցել է 13.9 մլրդ դոլարը, որից շուրջ 6.8 մլրդ դոլարը արտաքին պարտքն է։
Սոնա Գրիգորյան
























































































