Կրիշտիանու Ռոնալդուի՝ Պորտուգալիայի հավաքականի ճամբարից անսպասելի հեռանալը անմիջապես արձագանք է առաջացրել ոչ միայն ֆուտբոլային դաշտում, այլև սոցիալական ցանցերում։ Ռոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի Instagram-ի պաշտոնական էջը կորցրել է մեկ միլիոնից ավելի հետևորդներ, իսկ նվազումը շարունակվում է։
HypeAuditor-ի տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 30-ին Ֆեդերացիայի էջն ուներ շուրջ 25 միլիոն հետևորդ, իսկ Ռոնալդուի հեռանալուց հետո 24 ժամվա ընթացքում այդ թիվը նվազել է ավելի քան 370 հազարով՝ հասնելով 24,631,902-ի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի Instagram-ի էջը կորցրել է 700 հազար հետևորդ։ Հոկտեմբերի 2-ի դրությամբ էջի հետևորդների թիվը 25 միլիոնից նվազել է 23.5 մլն-ի։ ArmLur.am-ն ուսումնասիրել է նաև Պորտուգալիայի Ֆբ-յան էջը, նույն պատկերն էր նաև ՖԲ-ում։ «Seleções de Portugal»-ի ֆբ-յան էջը միայն 24 ժամվա ընթացքում կորցրել է ավելի քան 370 հազար հետևորդ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի միջև լարվածության մասին խոսակցություններն սկսվեցին Պորտուգալիայի՝ Նորվեգիայի դեմ 2։1 հաշվով հաղթանակից հետո։ Ռոնալդուն ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին, թեև խաղից առաջ մոտ 30 րոպե մյուս ֆուտբոլիստների հետ պատրաստվել էր խաղին։
Ժեզուսը Ռոնալդուին հայտնել էր, որ նա չի լինելու մեկնարկային կազմում, սակայն կարող է խաղադաշտ դուրս գալ հանդիպման ընթացքում։ Վերջնական արդյունքում մարզիչը որոշեց նրան դաշտ չհանել։ Ժեզուսը նշել էր, որ ֆուտբոլիստը բնականաբար դժգոհ էր՝ երկար պատրաստվելուց հետո խաղադաշտ դուրս չգալու պատճառով, սակայն իր որոշումը ներկայացրել էր որպես մարզչական որոշում։
Դրանից հետո Ժեզուսը նաև հայտարարել էր, որ Ռոնալդուն չէր հրաժարվել մարզվելուց, ինչպես որոշ պորտուգալական լրատվամիջոցներ էին հաղորդել, և պնդել էր, որ իր ու ֆուտբոլիստի միջև որևէ լուրջ խնդիր կամ «ճեղք» չկա։ Նա ընդունել էր, որ Ռոնալդուն դժգոհ էր, սակայն ասել էր, որ իր համար այդ հարցն արդեն փակված է։
Սակայն, Ժեզուսի մամուլի ասուլիսից հետո Ռոնալդուն հայտարարեց «Պորտուգալիայի ճամբարից հեռանալու» մասին ։ Նա Instagram-ում հայտարարեց, որ մարզչի մամուլի ասուլիսից և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսայի հետ զրույցից հետո որոշել է լքել հավաքականի ճամբարը։
Նա նաև գրել է, որ հետագայում պորտուգալացիներին կասի իր հեռանալու իրական պատճառները, և միաժամանակ հաջողություն մաղթեց Պորտուգալիային ու իր բոլոր թիմակիցներին։
Ռոնալդուի հեռանալուց հետո էլ Ժորժե Ժեզուսը շարունակեց պնդել պնդել, որ իր և Ռոնալդուի միջև լուրջ կոնֆլիկտ չի եղել։
Ռոնալդուի հեռանալու մասին սկանդալային գրառումներ էկատարել նաև քույրը՝ Էլմա Ավեյրոն։ Նա Instagram Stories-ում տարածել է քննադատական հրապարակումներ՝ շեշտելով Պորտուգալիայի հավաքականի Instagram-ի հետևորդների նվազումը։
Նրա տարածած գրառումներից մեկում ասվում էր․ «Դավաճանությունը ուտեստ է, որը մատուցվում է սառը», իսկ մեկ այլ հրապարակման մեջ՝ «Այստեղ ենք մենք, աշխարհը բազմաթիվ շրջադարձեր է անում»։
Նշենք նաև այն, որ պորտուգալական և սպորտային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ լեգենդար 7 համարը փոխանցվել է մինչ այժմ 17 համարի ներքո խաղացած Ռաֆայել Լեաուին։
Նանիկ Աղասյան





























