Հնդիկ օդաչու Սմիթ Մաչչհարը, որը ծանր վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին ԱՄԷ-ից Թել Ավիվ թռչող flydubai ավիաընկերության ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ, միջադեպից հետո առաջին անգամ նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել օդաչուի խցիկում, նախքան դուռը բացելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեսազանգի ժամանակ օդանավի հրամանատար Մաչչհարն ասել է, որ պառկած է եղել հատակին, մինչ երկրորդ օդաչուն շարունակում էր հարվածել իրեն։ Նա հասկացել է, որ ինքնաթիռն արագորեն կորցնում է բարձրությունը, և ինքը պետք է գործողություններ ձեռնարկի։
«Ես վիրավոր պառկած էի հատակին, բայց ինքս ինձ ասացի, որ պետք է վերջին ջանքը գործադրեմ և դուռը ներսից բացեմ, որպեսզի մարդիկ մտնեն օդաչուի խցիկ և օգնեն իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Իհարկե, ես պայքարում էի իմ կյանքի համար, բայց նաև գիտեի, որ չեմ կարող թույլ տալ, որ ուրիշները մահանան», – նշել է նա։
Հարձակվողին զսպելու համար խցիկ շտապած ուղևորները նշել են, որ երբ իրենք ներս են մտել, տեսել են օդաչուին՝ արնաթաթախ գետնին ընկած։
Ավելի ուշ իսրայելցի բժիշկը, որն ինքնաթիռում առաջին բուժօգնություն է ցուցաբերել Մաչչհարին, հաստատել է, որ օդաչուն զգալի քանակությամբ արյուն է կորցրել։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և թռիչքի ուղևորները օդաչուի գործողություններն անվանել են «հերոսական»։
ԱՄԷ-ում Հնդկաստանի դեսպանատունը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Մաչչհարն «իրեն լավ է զգում և հաջողությամբ ապաքինվում է»։
Դուբայից Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով Սաուդյան Արաբիայում վայրէջք կատարած 174 ուղևորներն այնտեղ գտնվելուց մոտ 10 ժամ անց ապահով վերադարձել են Իսրայել: Flydubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի հետ և դանակահարել նրան: Ինքնաթիռը 30 վայրկյանից պակաս ժամանակահատվածում կորցրել էր ավելի քան 4000 մետր բարձրություն: Հրամանատարին հաջողվել էր սեղմել օդաչուի խցիկը բացելու կոճակը. անձնակազմի անդամների և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել էր: Ինքնաթիռում գտնվող մյուս օդաչուներն ապահով վայրէջք էին կատարել Սաուդյան Արաբիայի «Տաբուկ» օդանավակայանում:
Հարձակում իրականացրած երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է: Միջադեպից հետո Իսրայելը կստուգի երկիր չվերթեր իրականացնող բոլոր օդաչուներին:
Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:




























