Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանին՝ հայտարարելով, որ հայկական կողմը պետք է ամբողջական տեղեկություններ տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թաղման վայրերի վերաբերյալ, ապահովի համապատասխան արխիվների հասանելիությունը և նպաստի ականատեսների վկայությունների հավաքագրմանը։ Ավելին՝ Ալիևը հայտարարել է, որ «մարդկային կյանքերին առնչվող տեղեկատվությունը չպետք է դառնա քաղաքական պայմանավորվածությունների առարկա»։
Այս հայտարարության ֆոնին, սակայն, Հայաստանում մի պարզ հարց է մնում անպատասխան՝ իսկ ո՞վ և նույն հետևողականությամբ ե՞րբ է պահանջելու տեղեկություն հայկական կողմի անհետ կորածների և բռնի անհետացածների ճակատագրի մասին։ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին հրապարակած պաշտոնական տվյալներով՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով մինչ օրս 191 անձի գտնվելու վայրն անհայտ է․ նրանցից 172-ը զինծառայող են, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Սրան գումարվում է Արցախյան առաջին պատերազմից մնացած հսկայական չլուծված խնդիրը։ 2026 թվականի հունիսին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ առաջին պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 777 անձ։ Ու այստեղ ամենացավոտ հանգամանքներից մեկն է ի հայտ գալիս։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կողմը որոնողափրկարարական աշխատանքներ սկսել էր 2020 թվականի նոյեմբերի 13-ից։ Բաց աղբյուրներում առկա պաշտոնական հաղորդագրությունների ուսումնասիրության համաձայն՝ որոնողական աշխատանքների իրականացման մասին վերջին պաշտոնական հաղորդագրությունը եղել է 2022 թվականի փետրվարի 23-ին։
Այդ օրը ևս մեկ աճյուն էր հայտնաբերվել։ Դրանից հետո որոնողական աշխատանքների վերաբերյալ նոր տեղեկություն այլևս չի հրապարակվել։ Դեռ 2023 թվականի հունվարին հայտարարվել էր, որ մոտ 200 անհետ կորած անձանց որոնողական աշխատանքները փաստացի դադարեցվել էին 2022 թվականի սկզբից՝ ադրբեջանական կողմի որոշման հետևանքով։ Եվ հիմա Ալիևը Հայաստանից պահանջում է արխիվներ, քարտեզներ, թաղման վայրերի մասին տվյալներ և վկաների ցուցմունքներ։
Իսկ Հայաստանի իշխանությունն ի՞նչ է պահանջում Ադրբեջանից։ Եթե, ինչպես Ալիևն է ասում, մարդկային կյանքերին վերաբերող տեղեկությունը քաղաքական պայմանավորվածությունների առարկա չպետք է դառնա, ապա նույն սկզբունքը պետք է վերաբերի նաև Հայաստանի 191 անհետ կորած քաղաքացիներին, որոնց ընտանիքները վեց տարի անց էլ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ վերջնական պատասխան չունեն և պարբերաբար հուսահատ ակցիաներ են կազմակերպում։ Հետևաբար հարցն այլևս միայն մարդասիրական չէ, այլ նաև պետական պահանջատիրության մասին է։
Եթե Բաքուն հրապարակային ու հետևողական պահանջներ է ներկայացնում իր անհետ կորածների վերաբերյալ, ինչո՞ւ Երևանից նույն ուժգնությամբ չի հնչում պահանջ՝ բացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները որոնումների համար, ներկայացնել այնտեղ հայտնաբերված աճյունների ու հնարավոր գերեզմանատեղիների մասին ամբողջ տեղեկատվությունը և պարզել Հայաստանի յուրաքանչյուր անհետ կորած քաղաքացու ճակատագիրը։ Ինչու է միայն Հայաստանը փայփայում խաղաղությունը:



























