Փորձել է բենզինով այրել հարևանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղում 2013թ. սեպտեմբերի 27-ին համագյուղացիների միջև պարտք ու պահանջի հարցը հանգեցրել է սպանության փորձի:

Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` Ախպրաձորի բնակիչներ Մարտիրոս Հովհաննիսյանի ու Նեկտար Խաչատրյանի միջև վերոնշյալ հարցի շուրջ վիճաբանության ընթացքում սկսել են սպառնալիքներ հնչել: Վիճաբանությանը ներկա են գտնվել նաև նույն գյուղի բնակիչներ Շիրակ Ղուկասյանը և Սեյրան Գասպարյանը:

Պարզ է դարձել, որ Մարտիրոս Հովհաննիսյանն իր ձեռքում եղած պոլիէթիլենային տարայի մեջ եղած բենզինը լցրել է Նեկտար Խաչատրյանի վրա: Ապա իր գրպանից հանել է լուցկի, փորձել վառել այն, նետել վերջինիս վրա և այրելու միջոցով սպանել նրան, սակայն հանցագործությունը, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել:

Հայտնի է դարձել, որ երբ Հովհաննիսյանը փորձել է լուցկին վառել և նետել Նեկտար Խաչատրյանի վրա, մյուս ներկաները բռնել են նրան և կանխել սպանությունը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը գտնվում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Մարտունու նստավայրում` դատավոր Յուրի Իսկոյանի վարույթում:

Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ Մարտիրոս Հովհաննիսյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քր. օր-ի 34-104 հոդվածի 1-ի մասով: Քրեական հոդվածը նախատեսում է վեցիս տասներկու տարվա ազատազրկում:

Հովհաննիսյանի շահերը պաշտպանում է փաստաբան Արտակ Քոչարյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս