Հոգեբուժարանների աշխատակիցները 2 ամիս աշխատավարձ չեն ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am-ի հավաստի տեղեկություններով՝  ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող Երևանի հոգեբուժարանների աշխատակիցները չեն ստացել մարտ և ապրիլ ամսվա  աշխատավարձերը, ինչը հարուցել է  աշխատակիցների դժգոհությունը:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանն armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց պարզաբանում խնդրի առնչությամբ:

«Հոգեբուժական բժշկական կենտրոն միավորումը, որի  կազմում էին նախկինում հոգեբուժական հիմնարկները, կառավարության որոշմամբ՝ լուծարվել  է: Մարտի 14-ից հոգեբուժական հիմնարկները վերակազմակերպվել են: Այդ գործընթացը տեխնիկակապես բարդ գործընթաց է»,- մանրամասնեց  առողջապահության ներկայացուցիչը` հավելելով, որ  ֆինանսական խնդիրներն արդեն լուծված են. «Այսօր աշխատակիցները կստանան  միանգամից երկու ամսսվա աշխատավարձ»:

-Պրն. Ծատուրյան,  հնարավո՞ր չէր վերակազմակերպման գործընթացն այնպես կազմակերպել, որ աշխատակիցները ժամանակին ստանային իրենց աշխատավարձերը:

-Աշխատավարձերը վճարելու համար պետք է լինի հաշվեհամար, որպեսզի մենք կարողանանք գործարք անել,  պետբյուջեից այդ գումարը փոխանցվի հաշվեհամարին, որից հետո կառույցի ղեկավարը կարողանա իր աշխատակիցներին վճարել աշխատավարձերը, իսկ դա բավական երկար ժամանակ է պահանջում:

– Իսկ հոգեբուժարանների ղեկավարները աշխատողներին նախապես զգուշացրե՞լ են աշխատավարձերի ուշացման մասին: 

-Այդ հարցը պետք  է ուղղեք բուժհիմնարկների տնօրեններին:  Ինչքան գիտեմ` աշխատողները տեղյակ են եղել, որ լուծարվում է նախկին հիմնարկը, նոր հիմնարկ է ստեղծվում:

armlur.am-ը Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Սամվել Թորոսյանից  փորձեց  առաջացած հարցերի առնչությամբ պարզաբանում ստանալ: Վերջինս ասաց, որ ինքը հիվանդների մոտ է և մեկ ժամից կարող է մեր հարցերի պատասխանել: Հոգեբուժարանի տնօրենը միայն ասաց, որ աշխատակիցներն այսօր կստանան իրենց աշխատավարձերը:

Սոնա Դավթյան




Լրահոս