Armenian text to speach

Այսօր հայ ազգային հերոս, ռազմական գործիչ, ազատամարտիկ և մտավորական Մnնթե Մելքnնյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, հայ ազգային հերոս, ռազմական գործիչ, ազատամարտիկ և մտավորական Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։ Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կալիֆոռնիայի Վիսալիա քաղաքում՝ հայ ընտանիքում։ Մոնթեն չորս երեխաներից երրորդն էր։ Հայկական արմատների և պատմության նկատմամբ հետաքրքրությունը նրա մեջ ձևավորվել է դեռ պատանեկության տարիներին։

Մելքոնյանը կրթություն է ստացել Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանում՝ մասնագիտանալով հին Ասիայի պատմության և հնագիտության ոլորտում։ 1978 թվականին ավարտել է համալսարանը, ընդունվել Օքսֆորդի համալսարանի ասպիրանտուրա, սակայն նախընտրել է այլ ուղի՝ իր կյանքը նվիրելով հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու ազգային պայքարին։

Մոնթե Մելքոնյանը մասնակցել է Լիբանանի քաղաքացիական պատերազմի իրադարձություններին, 1980-ականներին ներգրավվել հայկական զինված պայքարի մեջ, եղել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անդամ, այնուհետև հեռացել կազմակերպությունից և ստեղծել առանձին շարժում։ 1980-ականներին նա ձերբակալվել և բանտարկվել է Ֆրանսիայում, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 1990 թվականին, վերադարձել Հայաստան։

Արցախյան պատերազմի տարիներին Մոնթեն դարձել է ռազմական գործիչներից մեկը։ 1992 թվականից ղեկավարել է Մարտունու պաշտպանական շրջանը, մասնակցել Արցախի և Հայաստանի տարբեր շրջաններում ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զինվորների շրջանում նա հայտնի էր ԱՎՈ անունով։

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մոտ։ Նա հետմահու արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, Արցախի հերոսի կոչման և մի շարք բարձրագույն պարգևների։ Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Մոնթե Մելքոնյանի անունը շարունակում է մնալ հայ ժողովրդի հիշողության, պայքարի և հայրենասիրության խորհրդանիշներից մեկը։




Մամուլի Տեսություն

Լրահոս