Armenian text to speach

Փաշինյանին փրկիչ համարող Բուռնաշը կանգնած է «Հրազդան» մարզադաշտը կորցնելու վտանգի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ դատախազությունը երկու հայցադիմում է ներկայացրել Սնանկության և Հակակոռուպցիոն դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան հարակից՝ «Եվրոպարկ» ու «Սոլիդիուս» ընկերություններին պատկանող անշարժ գույքերի վրա։ Հայցերի հիմքում մասնավորեցման պայմանագրերով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումն է։

Հիշեցնենք՝ «Հրազդան» մարզադաշտը 2004 թվականի հուլիսի 22-ի կառավարության որոշմամբ ընդամենը 87 մլն 520 հազար դրամով վաճառվել էր ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Բուռնաշ մականվամբ հայտնի Աշոտ Աղաբաբյանի ընկերությանը։

Մինչդեռ, ըստ դատախազության, գործարքի պահին գույքի շուկայական արժեքը կազմել է 11 մլրդ 558 մլն դրամ։

ArmLur.am-ը դատախազության հաղորդումից տեղեկացավ, որ գնորդը պարտավորվել էր նաև 2 մլն դոլարի ներդրում կատարել, որի պատշաճ կատարումը, ըստ դատախազության, փաստաթղթերով չի հաստատվել։ Ուշագրավ է Աղաբաբյանի քաղաքական վերափոխման պատմությունը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո նախկին ՀՀԿ-ականը դարձավ Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակիցներից։ 2019 թվականին նա հայտարարում էր. «Աստծուն փառք, Նիկոլ Փաշինյանը մեզ փրկեց այդ բոլորից»։

Իսկ 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ վստահեցնում էր. «Ես անպայման Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու»։ Դեռևս 2024 թվականին, երբ մարզադաշտի մասնավորեցման առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվեց, Աղաբաբյանը պնդում էր, որ բոլոր գործարքներն օրինական են եղել, և որևէ մեկը չի կարող մարզադաշտը խլել իրենից։

Կարճ ասած, բախվեց Փաշինյանական արդարադատությանը: Փաշինյանին որպես փրկիչ ներկայացնելուց յոթ տարի անց Բուռնաշն այժմ ստիպված է սեփական մարզադաշտը պաշտպանել հենց Փաշինյանի պաշտոնավարման օրոք ներկայացված բռնագանձման հայցերից։

Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի աներորդին է, որի զարմիկը՝ Արման Սահակյանը պարբարաբար քրեական հետապնդման է ենթարկվում, կալանավորվում գործող իշխանության կողմից:




Մամուլի Տեսություն

Լրահոս