Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Մայիսի 9-ը Հայաստանի ժողովրդի համար թանկ է նրանով, որ այն ազդարարել է նոր` խաղաղ կյանքի սկիզբ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հարյուր հազարավոր հայեր կռվել են արդարության եւ ազատության խրամատներում՝ բարձր պահելով հայ ռազմիկի անունն ու պատիվը:
Սա մեզ համար առաջին հերթին խաղաղության տոն է, որն արդար աշխատանքի եւ հայրենի երկիրը ոտքի կանգնեցնելու պատմական հնարավորություն տվեց:
Ճակատագիրը մեզ համար սահմանել էր եւս մի պատմական հնարավորություն, եւս մի մայիսյան հաղթանակ: 1992 թվականի մայիսի 9-ին մենք կրկին արդարության եւ ազատության խրամատում էինք ընդդեմ ազգային խտրականության եւ եղեռնագործության:
Շուշիի ազատագրմամբ ֆիզիկական բնաջնջումից փրկվեցին ոչ միայն Ստեփանակերտը, այլեւ ողջ Արցախը, իսկ ավելի լայն առումով՝ Հայաստանը եւ հայության հեռանկարը:
Այսօր մենք երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում մեր բոլոր այն քաջերի հիշատակի առջեւ, ովքեր կյանքով վճարեցին մեր խաղաղության գինը:
Կեցցե՛ խաղաղությունը, որ աշխարհի բոլոր բարիքների մայրն է:
Փա՛ռք մեր հերոսներին»,-ասված է նրա ուղերձում: