Ընդդիմադիր «դարձած» «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել քաղաքական խորհրդի ժամանակ որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին:
ՕԵԿ տարածած հաղորդագրությունում նշվում է. «Քաղաքական խորհուրդը մտահոգությամբ արձանագրել է, որ կուսակցության` կոալիցիայից դուրս գալուց հետո, գլխավորապես ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և որոշ այլ կառույցների մի շարք աշխատակիցներ անհասկանալի, գուցեև հասկանալի պատճառներով տատանողական դիրքորոշումներ են արտահայտում իրենց հետագա կուսակցական գործունեության կապակցությամբ, ինչը քաղխորհրդի գնահատմամբ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով և գնահատվում է անընդունելի:
Նկատի ունենալով վերոշարադրյալը քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներ`Արմեն Բադեյանին, Համլետ Հակոբյանին, Աշոտ Մկրտչյանին, ԱրսենԿարապետյանին, ԱրմինեԳրիգորյանին, Սերգեյ Հայրապետյանին, Արմեն Կարապետյանին և հայտարարում է, որ նման դիրքորոշումը կշարունակվի առաջիկայում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կցուցաբերեն ոչ վայել մարդկային և քաղաքական վարքագիծ, քանի որ նրանք աշխատանքի ենը նդունվել կուսակցության երաշխավորությամբ»:
Այս առիթով Armlur.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:
-Պարո՛ն Երիցյան, ի՞նչ է տեղի ունենում Ձեր ղեկավարած գերատեսչությունում, ՕԵԿ-ը որոշում է կայացրել Ձեր աշխատակիցներին ՕԵԿ շարքերից հեռացնել: Ինչո՞ւ:
-Արտակարգ իրավիճակների նախարարությունում որևէ արտառոց բան տեղի չի ունենում, մենք աշխատում ենք մեր բնականոն ձևով: Շարունակում ենք աշխատել այնպես, ինչպես միշտ ենք աշխատել, և ավելին ենք անելու՝ մեր հասարակությանը բարձրորակ աշխատանք տալու համար: Ընդամենը այն մարդիկ, որոնք աշխատում են ԱԻՆ-ում, որոշել են դիմում գրել ու դուրս գալ ՕԵ կուսակցությունից: Իսկ այդտեղ, կարծում եմ, որ որևէ արտառոց բան չկա:
-Բայց ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե իրենք են որոշում կայացրել կուսակցությունից հեռացնել ԱԻՆ աշխատակիցներին: Որքանո՞վ է իրական այդ տեղեկությունը:
-Ես արդեն նշեցի, որ մարդիկ իրենք են դիմում գրել և որոշել են հեռանալ կուսակցությունից: Իսկ ես այդ հարցում որևէ բան չեմ կարող ասել: Նրանք հասուն մարդիկ են, ու նրանց որևէ մեկը չի կարող ինչ-որ բան ստիպել: Իրենք որոշում են կայացրել հեռանալ կուսակցությունից, և իրենց դիմումի համաձայն՝ հեռացել են:
Կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ բաներ չափազանցնել: Մի բան հստակ է՝ այսօր մեզ համար առաջնայինը մեր առջև դրված խնդիրները լուծելն է, ու ես այդպես էլ վարվում եմ:
Զրուցեց Սոնա Գրիգորյանը