Հակածխախոտային ծրագրեր՝ Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային և 7 գյուղական համայնքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության համահանրապետական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների և 16-75 տարիքային խմբին պատկանող բնակչության 29 տոկոսը, այդ թվում` տղամարդկանց 60,5 և կանանց 2,2 տոկոսն օգտագործում է ծխախոտ: Նշենք, որ մահացության հիմնական 2 պատճառներ կապված են ծխելու հետ. սրտանոթային հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ` առավելապես թոքի:

ՀՀ մարզերում ցածր է ծխախոտի օգտագործման, երկրորդային ծխի վնասակար ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը: Մեղրու տարածաշրջանի բնակչության շրջանում իրազեկության աստիճանը բարձրացնելու նպատակով «Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ն իրականացնում է «Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրը։ Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

«Մեղրու կանանց ռեսուրս կենտոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Հարությունյանը նշում է, որ իրենց տարածաշրջանում նման ծրագրի անհրաժեշտություն զգացվում է, քանի որ այստեղ շատ են ծխող դեռահասները և երիտասարդները։ «Հատկապես երիտասարդ ծնողների շրջանում է տարածված ծխելու սովորությունը, ովքեր ծխախոտ օգտագործում են բնակարանում, կանանց, երեխաների ներկայությամբ։ Երկրորդային ծխի ազդեցությունը հատկապես մանկահասակ երեխաների վրա շատ մեծ է։ Մեր նպատակն է նաև բնակչության շրջանում բարձրացնել «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի իրազեկման աստիճանը: Օրենքում շատ հստակ նշված կետերն այսօր չեն կիրառվում։ Ուստի կա բնակչությանն այդ մասին տեղեկացնելու անհրաժեշտություն»,- նշում է Սաթիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ Մեղրու կանանց ռեսուրս կենտոնը ծխելու դեմ պայքարի փորձ ունի և այդ ոլորտում արդեն իսկ մի շարք ծրագրեր իրականացրել է։

ՀԿ ղեկավարն ընդգծում է, որ հակածխախոտային ծրագրերն արդյունավետ են, քանի որ մարդիկ շատ դեպքերում չեն պատկերացնում ծխելու վնասները. «Մեր հանդիպումների ընթացքում շատ վաճառակետերում հասել ենք նրան, որ անչափահասներին ծխախոտ չեն վաճառում, որոշ տեղերում անգամ ծխախոտ գնելու եկած անչափահասներին ծնողական խրատներ են կարդում։ Դեռահասի վրա կողքից ինչ-որ մեկի խոսքը երբեմն ավելի ազդեցիկ է լինում, քան իր հարազատի»։

«Մի´ ծխիր, ես ուզում եմ ապրել…» ծրագիրն իրականացվում է Մեղրու տարածաշրջանի 2 քաղաքային (Մեղրի, Ագարակ) և 7 գյուղական համայնքներում (Կարճևան, Լիճք, Վարդանիձոր, Լեհվազ, Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք)։ ՀԿ-ի անդամներն արդեն հանդիպել են համայնքների անդամների հետ։ Մայիսի 15-18-ը աշակերտական խմբերի հետ կանցկացվեն սեմինարներ, որոնց մասնակիցները հաջորդ մեկ ամսվա ընթացքում «հավասարը՝ հավասարի» սկզբունքով իրենց դպրոցներում կիրականացնեն սեմինարներում ձեռք բերած գիտելիքների փոխանցում։ Տեղի կունենան հակածխախոտային ակցիաներ, քայլարշավներ, մրցույթներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս