ՀԱՐՑ. 2011 թվականն էլ անցավ, եւ Արցախի հարցը չլուծվեց: Ձեր կարծիքով` ինչքա՞ն կարող է ձգձգվել ղարաբաղյան հարցի լուծումը:
պատմաբան
ՊԱՏԱՍԽԱՆ. Ղարաբաղյան հարցը վաղուց լուծված է, սա էլ է լուծման մի տարբերակ, ուղղակի կողմերից մեկը` Ադրբեջանը, չի համակերպվում այս տարբերակի հետ, միակ խնդիրը սա է: Ուրիշ խնդիր է, եթե կողմերից մեկը համաձայն չէ, ապա պիտի առաջարկի ինչ-որ միջոցներ` այդ խնդրին բոլորի համար ընդունելի տարբերակով նոր լուծում տալու համար: Իսկ եթե չի առաջարկում, ապա դա արդեն նշանակում է, որ ուղղակի ապակայունացնում է իրավիճակը:
Իհարկե, Ադրբեջանը կշարունակի հարցականի տակ դնել այդ լուծումը եւ կփորձի ինչ-որ այլ լուծումներ փնտրել: Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի սպասենք եւ տեսնենք, թե ինչ է անում Ադրբեջանը:
Դավիթ Բաբայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր ու կտրուկ հակասություն կա մեր ընթերցողի հարցի ու ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի պատասխանի միջեւ, ով, ըստ էության, տվյալ դեպքում Արցախի իշխանության պաշտոնական պատասխանն է ներկայացնում: Թեեւ հենց խոսնակն էլ, փակագծերը բացելով, արձանագրում է, որ Ադրբեջանը, ցավոք, ոչ մի կերպ չի հաշտվում իրականության հետ: Հարեւան հանրապետությունը, իհարկե, խնդրի լուծման իրատեսական տարբերակ չի առաջարկում, իսկ Բաքվի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, կարծես թե մեկը մյուսին լրացնելով, բացահայտում են այդ երկրի իրական հավակնությունները` պարզ դարձնելով, որ Ադրբեջանն ավելի շատ ձգտում է իրավիճակն անկայունացնել եւ հարմար պահ որսալով` տարածքային հավակնություններ դրսեւորել: Այլ հարց է, որ Բաքվի ներուժը ոչ մի առումով չի բավարարում իր մտադրություններն իրականացնելուն, ու խնդիրը հարաբերականորեն լուծված է համարվում: