Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ մայիսի 16-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին եւ Ժակ Ֆորին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հակամարտության կողմերի շփման գծում տիրող իրավիճակը, համանախագահների հետ նույն ձեւաչափով ս.թ. փետրվարի 5-ի հանդիպումից ի վեր տեղի ունեցած զարգացումները: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց շփման գծում տեղի ունեցած հիմնական պատահարները, ինչպես նաեւ լարվածության թուլացման եւ փոխվստահության հաստատման հեռանկարների մասին իր նկատառումները:
Կարեւորելով Մինսկի խմբի համանախագահների հետ արդեն ավանդույթ դարձած հանդիպումները, Սեյրան Օհանյանն ավելացրեց, որ հակամարտության կարգավորման շուրջ ցանկացած քաղաքական որոշում պետք է ամրապնդված լինի ռազմական ոլորտի հիմնավորված մասնագիտական ու փորձագիտական եզրակացություններով:
Հանդիպման ընթացքում դեսպան Ժակ Ֆորը, որպես իրեն փոխարինող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, ներկայացրեց Պիեռ Անդիոյին: