ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է լրագրողներին, որ Ուկրաինան պետք է ընտրի նոր նախագահ՝ մեղադրելով Վլադիմիր Զելենսկուն այն բանում, որ նա չի ցանկանում Ռուսաստանի հետ հակամարտության ավարտի շուրջ համաձայնության գալ։
«Ժամանակն է, որ Ուկրաինան նոր նախագահ ունենա», — ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկու մասին։
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը բազմիցս հնարավորություն է ունեցել համաձայնագիր կնքելու, սակայն չի օգտվել դրանից։
«Ինչ-ինչ պատճառներով Զելենսկին երբեք գործարքներ չի կնքում։ Նա բազմաթիվ հնարավորություններ է ունեցել, բայց ուզում է խնդիրներ ստեղծել ամբողջ աշխարհի համար», — հայտարարել է Թրամփը։
Որպես օրինակ՝ ԱՄՆ նախագահը հիշատակել է նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները, որոնք, նրա խոսքով, խնդիրներ են ստեղծում այդ թվում նաև ամերիկացի ֆերմերների համար։
Թրամփը նաև առաջարկել է Ուկրաինային գտնել նոր ղեկավար, որը կկարողանա հասնել համաձայնության։
«Ես խորհուրդ եմ տալիս Ուկրաինային գտնել նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնագիր կնքել», — ընդգծել է նա։




























