Մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո փախուստի դիմած Վարդան Հարությունյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Այս մասին քիչ առաջ տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին, ժամը 21.50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 1985 թ. ծնված Մաթևոս Կարապետյանը, 1986 թ. ծնված Էդվին Թադևոսյանը և 1980 թ. ծնված Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադևոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը և Է. Թադևոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադևոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Կատարվում է նախաքննություն:
Լուսանկարը` shamshyan.com-ի: