ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայերենով եւ անգլերենով հրատարակել է վերլուծական ձեռնարկ` «Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» վերտառությամբ:

Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների կազմակերպման կատարելագործման եւ քննության մեթոդիկայի մշակման բաժնի պետ Կարեն Կարապետյանը, բաժնի աշխատակիցներ Գրիգոր Ամիրյանը եւ Տիգրան Խաչիկյանը:
Ուղեցույցը վերաբերում է խոշտանգման վերաբերյալ քրեական գործերի քննության կազմակերպմանը եւ իրականացմանը, խոշտանգման գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների վերլուծությանը, խոշտանգման գործերով նախաքննություն իրականացնելիս Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի կողմից ներկայացվող պահանջների էության բացահայտմանը:
Ուղեցույցի գիտական խմբագիր, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, ՀՀ վաստակավոր իրավաբան Վահրամ Շահինյանը ձեռնարկի հրատարակման անհրաժեշտությունը պայմանավորում է քննչական պրակտիկայում խոշտանգման հետ կապված քրեական գործերի քննության ընթացքում հաճախակի առաջացող փակուղային իրավիճակների կամ օբյեկտիվորեն ծագող առանձին հարցադրումների շուրջ անհրաժեշտ գիտագործնական մեկնաբանություններ տալու հրամայականով:
-Ուղեցույցում արվել են նաեւ որոշակի առաջարկներ, որոնց պահպանումը քննարկվող հանցատեսակին վերաբերող քրեական գործերի քննության ընթացքում, մեր համոզմամբ, մի նոր իրավական խարիսխ կլինի որակյալ քննչական աշխատանք ապահովելու գործում,- ասում է Վահրամ Շահինյանը եւ շարունակելով՝ նշում,- եւ այն, որ ուղեցույցը կարող է լինել արդյունավետ կողմնորոշիչ ծագող առանձին խնդիրների պարզաբանման, տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապի ապահովման եւ հնարավորության սահմաններում քննչական պրակտիկայի միասնականացման համար, կարծում ենք, ակնհայտ է:
Ձեռնարկի գիտական խմբագիրը լիահույս է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից նման բնույթի աշխատանքների հրատարակումը կդառնա բնականոն գործելաոճ:
Ասենք, որ ուղեցույցը նախատեսված է ՀՀ-ում նախաքննություն իրականացնող մարմինների, իրավաբանական ֆակուլտետների ուսանողների, դասախոսների, ասպիրանտների համար:
«Խոշտանգման գործերով քննության կազմակերպման եւ իրականացման ուղեցույց» խորագրով վերլուծական ձեռնարկը կարող է օգտակար լինել նաեւ դատական-դատախազական աշխատողների, քրեական եւ քրեադատավարական իրավունքի հարցերով հետաքրքրվող քաղաքացիների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:




Լրահոս