«ԿԱՏԱՏՈՆԻԱ»-Ն՝ ԿԱՆՆՈՒՄ
Կինոռեժիսոր Կարեն Խոսրովյանի «Կատատոնիա» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն ընդգրկվել է Կաննի միջազգային կինոփառատոնի «Շորթ Ֆիլմ Քորներ» արտամրցութային ծրագրում: Ֆիլմը երիտասարդ երաժշտի հոգեբանական ապրումների մասին է, ով քաղաքական քաոսի գիշերը սպասում է իր դատավճռին: Ֆիլմի պրոդյուսերներն են Արեգ Ազատյանն ու Շողիկ Թադեւոսյանը: Գլխավոր դերում հանդես է գալիս ճանաչված դերասան Նարեկ Ներսիսյանը:
«Շորթ Ֆիլմ Քորներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն միջազգային բազմաթիվ կինոծրագրավորողների, դիստրիբյուտորների եւ գործակալների:
ՎԱՃԱՌՎԵԼ Է
Նյու Յորքում Christie՚s աճուրդի տանը 27 մլն դոլարով վաճառվել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը, որն ի սկզբանե գնահատվում էր 25-35 մլն դոլար: Նույն աճուրդում 22.6 մլն դոլարով վաճառվել է նաեւ Պաբլո Պիկասոյի «Կնոջ դիմանկարը» (1942թ.): Կտավում պատկերված է նկարչի սիրուհին եւ մուսան:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Դալաս քաղաքի «Heritage Auctions» աճուրդի տունը մայիսի 14-ին վաճառքի կհանի Աստվածաշունչը, որը երկու անգամ եղել է տիեզերքում՝ «Ապոլոն-13» եւ «Ապոլոն-14» նավերի անձնակազմերի հետ: Աճուրդի տան գլխավոր պատմաբան Մայքլ Ռայլին նշել է, որ ամերիկացի տիեզերագնաց Էդգար Միտչելն այս գիրքը վերցրել է իր հետ 1971թ. փետրվարի 5-ին Լուսնի վրա իջնելու առաքելության շրջանակում: