ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՐԱՏԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Սարատակ գյուղի մանկապարտեզում օրեր առաջ լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել տնօրենի եւ մանկապարտեզի աշխատակիցների միջեւ, որը թեժանալով, հասել է Շիրակի մարզպետարան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս Սարատակ գյուղի մանկապարտեզի մի քանի աշխատակիցների եւ տնօրենի միջեւ լուրջ վիճաբանություններ են սկսվել, վերջինիս գործելաոճի պատճառով:
Պարզվում է՝ մանկապարտեզի տնօրեն Նախշուն Պետրոսյանին հրահանգ է եղել կրճատումներ իրականացնել մանկապարտեզում: Վերջինս էլ կրճատման է ենթարկել այն մարդկանց, ովքեր իր համար այդքան էլ ցանկալի աշխատակիցներ չեն եղել: Սակայն տարօրինակն այն է, որ կրճատումների պատճառաբանությամբ աշխատողներին հեռացնելով, տնօրենը նոր աշխատակիցներ է ընդունում գործի: Սա էլ դեռ քիչ է, ըստ մեր տեղեկությունների՝ տնօրեն Նախշուն Պետրոսյանը նոր աշխատակիցներին որոշում է վճարել իր նախկին աշխատակիցների միջին աշխատավարձի հաշվին:
«Մեր գյուղի միակ մանկապարտեզը ձմեռը չի աշխատում ու հիմա, որ նոր պետք է սկսի աշխատել, աշխատավարձն են կրճատում: Մեզ կանչել ասել են, թե ձեր 45.000 դրամ աշխատավարձը դարձել է 20 հազար դրամ ու պատճառը իբր՝ նոր աշխատակիցների՝ մանկապարտեզում հայտնվելն է: Իբր մի բան էինք ստանում, դա էլ կրճատել են ու անհիմն էլ կրճատումներ են անում: Ստիպված այլ ելք չունենալով՝ գնացել ենք մարզպետարան, որտեղ ասել են, թե խնդիրը կկարգավորվի եւ դուք ձեր գումարները կստանաք»,-մեզ հետ զրույցում ասացին մանկապարտեզի աշխատակիցները:
Ըստ հեռացված աշխատակիցների՝ իրենց համար շատ անհասկանալի եւ մութ պատմություններ կան մանկապարտեզի շուրջ. «Հայտարարում են, թե կրճատումներ են անելու, նաեւ ասում, որ նոր աշխատակիցներ են աշխատանքի ընդունել ու մեր աշխատավարձի հաշվին նրանց են պատրաստվում վճարել: Ամեն ինչ իրենց ձեռքն է, ինչ ուզում՝ անում են, ում ուզում՝ կրճատում են, էլ չասենք, թե փողերն էլ որոշել էին պահել»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում խնդիրը ներկայացրեց գյուղի բնակիչներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք ցանկանում հրապարակել:
Աշխատակիցներից տեղեկացանք նաեւ, որ զարմանալի զուգադիպությամբ կրճատման են ենթարկվել այն երեք աշխատակիցները, ովքեր տնօրենի հետ լուրջ վիճաբանություն են ունեցել եւ չեն ենթարկվել մանկապարտեզի ներսում թույլ տված նրա սխալներին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սարատակի համայնքի ղեկավար Միշա Ղրզոյանն ասաց, թե ամեն ինչ կարգավորված է:
Նկատենք, որ գյուղապետը բավականին հակասական կարծիքներ էր հայտնում.«Դե տնօրենը մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձից ցանկացել էր ուրիշներին վճարել ու դա էլ դժգոհության առիթ էր դարձել: Աշխատակիցները բողոքեցին, մենք էլ ստիպված եղանք երեք հոգու կրճատել»,-ասաց գյուղապետը:
Իսկ ավելի ուշ գյուղապետն ասաց, թե կրճատման ենթարկված երեք աշխատողները լուրջ վիճաբանություն են ունեցել տնօրենի հետ եւ դրա արդյունքում են հեռացվել:«Էլ մի, հա, չեն ցանկացել աշխատել եւ հեռացել են մանկապարտեզից»,-ասաց գյուղապետը՝ նշելով, որ վիճաբանության մասին հարցնենք մանկապարտեզի տնօրենին:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրեն Նախշուն Պետրոսյանն ասաց, որ ինքը սխալ բաներ է արել եւ գյուղապետը խնդիրը կարգավորել է: Ավելին՝ տնօրենը չժխտեց, որ կրճատման ենթարկված աշխատակիցների հետ ինքը խնդիրներ է ունեցել, որոնք էլ հետո կրճատման են ենթարկվել: Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ մանկապարտեզում կրճատման ենթարկվեցին հենց իր հետ խնդիր ունեցած աշխատակիցները, տնօրենը չցանկացավ մանրամասնել. «Դե հիմա բոլոր տեղերն էլ կրճատումներ են լինում, ոչ մի խնդիր էլ չկա ու հարց էլ չկա: Ով ձեզ եկել ասել է, թե մանկապարտեզի աշխատակիցները գնացել են մարզպետարան բողոքել են կամ չգիտեմ ինչ են արել, դուք գնացեք ու այդ մանրամասները նրանցից էլ իմացեք, եղա՞վ»:
Հետաքրքիր է, թե այս ամենաթողության վերաբերյալ ինչ պաշտոնական դիրքորոշում ունեն Շիրակի մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս