ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՄՈՒՍԻՆԸ

Այս գիշեր ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում մահացել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գեւորգյանը, ով շուրջ երկու ամիս գտնվում էր հիվանդանոցում: Գեւորգյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունը կկայանա ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ անվանի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն էլ մահացել էր 2013թ. նոյեմբերի 20-ին:

ԴՈՒՍՏՐ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

Հոլիվուդյան 59-ամյա դերասան Բրյուս Ուիլլիսն ու նրա 35-ամյա կինը՝ Էմմա Հեմինգը, դուստր են ունեցել, որը ծնվել է Լոս Անջելեսի կլինիկաներից մեկում: Զույգը փոքրիկին կոչել է Էվելին Պենն: Նշենք, որ Էվելինը Բրյուս Ուիլլիսի հինգերորդ դուստրն է. Բրյուսն ու Էմման 2 տարեկան եւս մեկ դուստր ունեն՝ Մեյբել Ռեյը, իսկ Դեմի Մուրի հետ ամուսնությունից դերասանը 3 աղջիկ ունի. Ռումերը, Սկաուտը եւ Թալուլան:

ՉԱԿ ԲԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Ամերիկացի հայտնի կիթառահար, երգիչ եւ երգահան Չակ Բերին դարձել է հեղինակավոր Polar Music Prize երաժշտական մրցանակաբաշխության դափնեկիր: Այն համարվում է երաժշտական աշխարհի «Նոբելյան մրցանակը»:
87-ամյա Բերիից զատ դափնեկիր է դարձել թատրոնի եւ օպերայի ռեժիսոր Փիթեր Սելերսը, իսկ ավելի վաղ հաղթողների շարքում են հայտնվել Էլթոն Ջոնը, Բոբ Դիլանը, Pink Floyd-ն ու Led Zeppelin-ը: Polar Music Prize մրցանակը սահմանել է ABBA խմբի հանգուցյալ մենեջեր Սթիգ Անդերսոնը, ում մտահղացմամբ՝ մի մրցանակի շրջանակներում պետք է գնահատվեն երաժշտության բոլոր ոճերի ու ուղղությունների ներկայացուցիչները:

ԿԱՅՔ՝ ՎԻԿՏՈՐ ՑՈՅԻՆ

Շուտով համացանցում կբացվի հայտնի երաժիշտ Վիկտոր Ցոյին նվիրված նոր կայք: Այն կպատկերի Մոսկվայի Ստարի Արբատ փողոցում երաժշտին նվիրված իրական պատը: Ցանկացողները կկարողանան դրա վրա իրենց գրությունները թողնել: Այս նախաձեռնության հեղինակն է քանդակագործ Ելենա Ասեեւան, ում խոսքով՝ նման կայք ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել է, երբ տեղեկացել է, որ իրական պատը պատրաստվում են քանդել: Կայքը կգործարկվի երաժշտի մահվան օրը՝ օգոստոսի 15-ին։




Լրահոս