«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկի լավատեսությունը Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ շատ կարճ տեւեց։ Առաջին եռամսյակի կանխատեսումներից ընդամենը երեք ամիս հետո ԿԲ սպասումները կտրուկ փոխվել են։ Բանկը այլեւս չի հավատում, որ տնտեսական աճը նույնիսկ 5 տոկոս կլինի։
Փոխվել են նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ակնկալիքները։ ԱՄՀ-ն սկսել է կասկածել Հայաստանում անգամ 4,3 տոկոս տնտեսական աճի ապահովման հավանականությանը, որն իրատեսական էր համարում տարեսկզբին։ Ուստի մտադիր է առաջիկայում նվազեցնել նախորդ գնահատականները։
Թե ԱՄՀ, թե Կենտրոնական բանկի արձանագրած ռիսկերը մեծ մասամբ պայմանավորված են Ռուսաստանի տնտեսության մեջ ընթացող զարգացումներով։ Սպասվում է, որ ՌԴ տնտեսական աճը կլինի զրոյի սահմաններում, որը չի կարող անհետեւանք մնալ Հայաստանում։
Ինչպեսեւ ենթադրվում էր, Ռուսաստանում տնտեսական գործընթացների դանդաղումը սկսել է բացասաբար արտահայտվել Հայաստանի տնտեսության մեջ. հատկապես արտահանման, ներդրումների, ինչպես նաեւ մասնավոր դրամական փոխանցումների առումով։
Այս տարվա առաջին եռամսյակում նվազեց ռուսական շուկա արտահանվող հայաստանյան ապրանքների քանակը։ Դրա հետ կապված նոր ռիսկեր են ավելացել նաեւ Վերին Լարսի անցակետի գործունեության ժամանակավոր դադարեցման հետեւանքով։ Սպասվում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող այս ցամաքային երթուղին, որով իրականացվում է արտահանման գերակշիռ մասը, դեռեւս 1,5 ամիս կմնա փակ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: