«Մեկ անգամ չէ, որ ասել եմ` հանցագործությունը, օրենքի խախտումը, զանցանքը կուսակցական պատկանելիություն չունի: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու կողմից մարդկանց ծեծի ենթարկելու միջադեպին, հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եվ ես չեմ ողջունում երբեք մեր գործընկերների այն գնահատականները, որ հանցագործություն կատարողին բաժանում են ընդդիմադիրի կամ իշխանամետի, «բարգավաճի» կամ հանրապետականի: Ի՞նչ կապ ունի կուսակցական պատկանելությունը», – նշեց նա:
Հիշեցնենք, երեկ տեղեկություններ եղան մայիսի 25-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդիների կողմից հերթական աղմկոտ միջադեպի մասին:
ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ մարդիկ լինում են օրինապահ և օրինախախտ, կա իրավապահ համակարգ և իրավապահ մարմիններ, անկախ նրանից, թե ովքեր են այդ զանցանքը կամ հանցանքը գործող անձինք, պետք է պատժեն օրենքի ողջ խստությամբ.
«Ես տեղյակ չեմ խնդրի մանրամասներին, չեմ էլ հավակնում որևէ իրավական գնահատական հնչեցնել, որովհետև իրավական գնահատականները պետք է հնչեցնեն իրավական մարմինները, բայց որպես քաղաքական գործիչ, որպես կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչ, ևս մեկ անգամ հստակ ամրագրում եմ մեր դիրքորոշումը` այո, բոլոր նրանք, ովքեր խախտում են ՀՀ օրենքն ու Սահմանադրությունը պետք է պատժվեն օրենքի խստությամբ` անկախ նրանից իմ բարեկամն են, թե ընդդիմության ներկայացուցիչների բարեկամն են», – ընդգծեց նա: