Այսօր Ազգային Ժողովում Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի բյուջեի կատարողականը ներկայացրեց քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս առթիվ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևողականորեն խուսափում է անձամբ ԱԺ-ում ներկայացնել բյուջեի կատարողականը։
«Գուցե կոպիտ հնչի, ներողություն եմ խնդրում, բայց ռանգերի են բաժանում պաշտոնյաները, Տարոն Մարգարյանը հերթական անգամ չի ներկայանում նիստին։ Եթե պարոն քաղաքապետը համարում է ԱԺ ներկայանալը ոչ կարևոր իրադարձություն է, թող ասեն, մենք էլ չգանք»,-դիմելով ներկա փոխքաղաքապետին` ասաց նա։
Փոխքաղաքապետը պարզաբանեց, որ Մարգարյանը բացակայել է, քանի որ մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստին:
Այնուհետև Փաշինյանը խնդրեց Արեյանին պարզաբանում տալ, թե ինչու են որոշել տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: <Այդ արձանը տեղադրելով՝ ի՞նչ ուղերձ եք հղում հանրությանը, ի՞նչ եք ուզում դրանով ասել>,-հարցրեց նա:
Կամո Արեյանը պատասխանեց, թե արձանների հարցը վերապահված է Երևանի ավագանուն, որն էլ համապատասխան նախաձեռնությունների հիման վրա որոշում է ընդունել։ Փոխքաղաքապետը նաև հավելեց, թե մնացած պատմագիտական քննարկումները պետք է դեռ հստակեցվեն հավաստի աղբուրների հիման վրա են, իսկ իրենք տեղադրում են Միկոյանի արձանը՝ որպես պետական գործչի։ Փաշինյանն էլ արձագանքեց, թե պետք է ուսումնասիրել՝ գործիչ է, թե դահիճ։