«Էս ի՞նչ ձև ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են՝ ոնց հարց տալ: Խնդրում եմ այլևս նման միջամտություններ չանել… Ես գիտեմ՝ ում ի՞նչ հարց եմ տալիս… Թուղթը ձեռքներին գալիս կմկմում, գնում են»,- ԱԺ-ում 2013 բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի պատասխանը լսելուց հետո նշեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ պատգամավորը հարց էր ուղղել Երևանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին, ինչին փոխքաղաքապետը պատասխանել էր` միևնույն ժամանակ նշելով, որ այդ հարցերը կապ չունեն կատարողականի հետ:
Ապա պատգամավորը հարցեր ուղղեց զեկուցող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին` հիշեցնելով, որ նախորդ տարի մարզը աղքատության ամենացածր տոկոսն է ունեցել, իսկ այժմ դիրքերը զիջել է. «0,5% աղքատության աճ ունեք, ի՞նչն է սրա պատճառը: Դուք ասում եք` գումարներն էֆեկտիվ են ծախսվում, ի՞նչն է նման ցուցանիշի պատճառը»,- հարցրեց Փաշինյանը:
Մարզպետը նշեց, որ հաշվետու տարում կարկտահարության ու ցրտահարության դեպքեր են գրանցվել, ինչի պատճառով էլ մարդկանց որոշակի հնարավորությունները նվազեցին: