Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը:
«Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,– նշել է Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում:
Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում:
Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել: