Պետք է շարունակենք կերտել մեր նոր կյանքը. Գարեգին Բ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը իր շնորհավորական ուղերձն է հղել Մայիսի 28-ի՝ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հանրապետության օրվա առիթով:

1918 թվականին մեր ժողովուրդը մայիսյան հերոսամարտերում հոգին ի բուռն պաշտպանեց հայրենի երկիրը և բարդ ու դժվարին իրավիճակի մեջ հաստատեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Պետականության վերականգնումը արգասիքն էր մեր ժողովրդի երկարամյա ազատագրական պայքարի, անկոտրում հավատքի և միասնականության ոգու:

Հանրապետության օրը հրավեր ու քաջալերություն է մեզ այսօր` ամենայն նախանձախնդրությամբ հոգալու մեր պետականության զորացման, մեր երկրի բարգավաճման, մեր ժողովրդի բարօրության և ազգային մեր իղձերի իրագործման համար։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, հավատում ենք, որ հակառակ առկա մարտահրավերներին, պիտի շարունակենք հետևողական ջանքերով, աննահանջ ոգով կերտել հայրենի պետականությամբ հիմնամուր մեր նոր կյանքը, երջանիկ ու պայծառ մեր գալիքը:

Աղոթում ենք, որ Աստված Իր Աջի հովանու ներքո անսասան պահի մեր պետականությունը, պահպանի աշխարհասփյուռ ազգս հայոց` արդյունավորելով ի սեր հայրենյաց մեր բոլոր ջանքերը:




Լրահոս