ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին այսօր կառավարության նիստի ավարտից հետո շրջապատել էին բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերը: Նրանք պահանջում էին նախարարից պատասխանատվության ենթարկել իրենց որդիների սպանության համար մեղավորներին: «Ունենք գերեզման, բայց մահվան պատճառը չգիտենք, ինչ անենք, ում դիմենք: Անմեղ երեխաներին տանում-դատում են, իսկ մարդասպաններն ազատության մեջ են»,- վրդովված ասացին սպանված զինծառայողների մայրերը:
Նրանցից մեկի` Տիգրան Օհանջանյանի մայրն ասաց, որ ինքը ինչու պետք է դիմի Եվրոդատարան` իր որդու գործն արդար քննելու համար, եթե մարդասպանին կարող են Հայաստանում բացահայտել:
Ի պատասխան Հովհաննես Մանուկյանն ասաց, որ սպանված զինծառայողների գործերին ծանոթ չէ: Նա հորդորեց նրանց նամակ գրել իրեն`գործերին ծանոթանալու համար: «Կգրենք, ինչ է եղել, էդքան մարդու գրել ենք, ձեզ էլ կգրենք»,- եզրափակեցին սգավոր մայրերը: