Ամուսինը կնոջ ուղղությամբ ուրագ է նետել և սպառնացել սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Արագած գյուղի 42-ամյա բնակիչ Գրիգոր Ֆահրադյանն իր կնոջ` Արմենուհի Հակոբյանի ուղղությամբ ուրագ է նետել և սպառնացել, որ կսպանի:

Armlur.am-ը տեղեկացավ, որ դեպքը տեղի է ունեցել սույն թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններում, իրենց տան բակում:

Տեղեկությունների համաձայն` ամուսինների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ էլ  Գրիգոր Ֆահրադյանը կնոջ ուղղությամբ նետել է ուրագը:

Այս ամենից բացի՝ նույն օրը՝ ժամը 11:30-12:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իրենց տանը ձեռքերով հարվածել է Ա. Հակոբյանի մարմնին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, ինչպես նաև՝ առողջության կարճատև քայքայումով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր Վահե Խալաթյանին:

Ինչպես իրազեկվում ենք մեղադրական եզրակացությունից, նախկինում չդատված Գրիգոր Ֆահրադյանին մեղսագրվում է հանցավոր արարք` նախատեսված ՀՀ ՔՕ 137 հոդվածի 1-ին մասով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով) և ՀՀ ՔՕ 117 հոդվածով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Ֆահրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տորագրությունը չհեռանալու մասին:

Տաթև Հարությունյան




Լրահոս