«ՖԼԵՇ»-Ը ԵՌԱԿԻ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել գյուղատնտեսական տեխնիկայի համար սուբսիդավորել գյուղական համայնքներին: Տիգրան Սարգսյանը վճռել է մի շարք համայնքների դիզվառելիքի գնի մի մասը վճարել կառավարության հաշվին: Բայց այս որոշման անունը կարելի է դնել «Կառավարության նվերը «Ֆլեշ» ընկերությանը», այլ ոչ թե օգնություն գյուղացուն:
Ինչո՞ւ, որովհետեւ այդ նպատակով կառավարությունն ավելի քան 1.3 մլրդ դրամ է հատկացրել հենց «Ֆլեշ» ընկերությանը: Ընդ որում, դա արել ոչ թե մրցույթով, այլ ուղղակի ձեւով: Կառավարության երեկվա որոշման մեջ հենց «Ֆլեշ» ընկերությունից դիզվառելիք գնելը մեկնաբանել են, թե իբր ամենաէժան գնով դիզվառելիք վաճառում է այդ ՍՊԸ-ն: Եւ սա այն դեպքում, երբ որեւէ մրցույթ չի անցկացվել. գուցե այլ ընկերություն ավելի էժան առաջարկ կարող էր ներկայացնել:
Ինչեւէ, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Ֆլեշ» ընկերությունը դիզվառելիքը բերում է ոչ թե Եվրոպայից կամ Ռուսաստանից, այլ Իրանից եւ բավական էժան գնով: Մինչդեռ, կառավարության որոշման մեջ դիզվառելիքի գինը հաշվարկված է ոչ թե ըստ Հայաստանում վաճառվող ինքնարժեքի, այլ ըստ բենզալցակայաններում վաճառվող մանրածախ գնի: Նկատենք, որ մանրածախ գնի ու մեծածախի տարբերությունը նվազագույնը 20-30 դրամ է: Այսինքն` միայն այս մասով կառավարությունն օգնել է, որպեսզի «Ֆլեշ»-ը մոտ 420 մլն դրամ գերշահույթ ստանա: Էլ չհաշված, որ նա բավականին էժան գնով է ներկրում դիզվառելիքը, քան մյուս բոլոր ընկերությունները:
Փաստորեն, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը մի կողմից ընտրություններից առաջ ցույց են տալիս, թե ընդառաջում են գյուղացիներին, դեմքով շրջվել են դեպի գյուղը, մյուս կողմից հարստացնում են Բարսեղ Բեգլարյանին ու, ի վերջո, իրենք իրենց: Հակառակ դեպքում կարող էին պարզապես այդ գումարը բաշխել համայնքների վրա, որոնք էլ տեղերում մրցույթ կհայտարարեին եւ ավելի մատչելի գնով, գոնե մեծածախի գնով դիզվառելիք կվաճառեին գյուղացիների ու կառավարության վրա միաժամանակ:
Հիշեցնենք, որ  «Ֆլեշ» ընկերության սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է, որը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի ամենամերձավոր շրջապատի ներկայացուցիչ: Ու թերեւս այս մտերմության շնորհիվ է, որ հենց «Ֆլեշ» ընկերությունն է դիզվառելիք մատակարարում նաեւ պետական կառավարման համակարգին: Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` այս տարվանից արդեն այդ ընկերությունից է դիզվառելիք գնում նաեւ խորհրդարանը, մինչդեռ նախկինում ԱԺ-ն օգտվում էր CPS ընկերությունից: Ժողովրդավարական երկրներում նման քայլը կդիտվեր որպես կոռուպցիայի դրսեւորում: Բայց դե Սերժ ու Տիգրան Սարգսյանները հո անգործ չե՞ն թողնի իրենց օլիգարխին եւ ուրիշից գնեն բենզինը: Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը վարչապետ նշանակվելու համար պարտական է հենց Բարսեղ Բեգլարյանին:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս