«ՄԻ ՕՐ ՊԱՌԱՎԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ԵՄ, ՄՈՐԹԵԼՈՒ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 25-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ընտանեկան վիճաբանությունն ավարտվեց 79-ամյա կնոջ մահվան ելքով: Իսկ կռվախնձորը բնակարանի ժառանգության հարցն էր:

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ մայիսի 25-ին՝ ժամը 21.30-ին, նշված բնակարանից ոչ սթափ վիճակում ոստիկանության Չարենցավանի բաժին է բերման ենթարկվել 1983 թ. ծնված Հարություն Նազարյանը, իսկ նույն բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է:
Եվ այսպես, ինչ է տեղի ունեցել այդ օրը Նազարյանների ընտանիքում: Կատարվածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց թաղամասի համատիրության նախագահ Վալերի Բաբայանի հետ:
Ինչպես ներկայացրեց համատիրության նախագահ Բաբայանը, մահացած Հասմիկը եւ նրա ընտանիքը բնակարանի ժառանգության հետ կապված խնդիր են ունեցել.«Հասմիկը մեր համատիրությունում աշխատում էր որպես հավաքարար, իսկ ավելի ուշ թոշակի անցավ ու էլ չէր աշխատում: Բնակարանը կիսելու խնդրի հետ կապված միշտ կռիվ կար իրենց մեջ: Հարությունը նրա թոռն է,ով առավել հայտնի է «Կյաժ» անվանմամբ: Մի օր Հարությունի հորեղբայրը` Գագոն, ինձ զանգահարեց եւ ասաց, թե այդ տան հարցը ինչ պետք է լինի, ում պետք է ժառանգություն մնա: Ես էլ ասացի, թե մայրդ չի մահացել, ես ինչ իմանամ,ում պետք է մնա: Ավելին ասեմ ձեզ՝ այդ բնակարանը համայնքի բնակարան է: Իմ տեղեկություններով՝ Հասմիկը չէր ուզում այդ տունը կտակել իր հետ ապրող Հարութին, այլ իր աղջիկ թոռներից մեկին էր ուզում ժառանգություն թողնել: Չգիտեմ դա է եղել պատճառը, որ Հասմիկն այս բախտին արժանացավ, թե` ոչ, բայց լավ բան չարեցին»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հարությունի հորեղբոր դուստրը՝ Լիլիթ Նազարյանը, նույնպես պատմեց դեպքի մանրամասները: Ըստ թոռնուհու՝ դեպքի օրը իր տատիկը զանգահարել է իրեն եւ խնդրել, որ գա օգնի իրեն՝ անկողինը փոխեն. «Հարությունը մի 20 օր էր, ինչ կնոջ եւ երեխայի հետ տեղափոխվել էր Չարենցավան եւ ապրում էր տատիկիս հետ:Իսկ ահա այդ օրը կնոջ եւ երեխայի հետ գնացել էր Աբովյան քաղաք: Տատիկս հիվանդ էր, գնացի օգնեցի, անկողինը փոխեցի, իրենք էլ իրենց լոգարանը նոր էին վերանորոգել, նոր ջրատաքացուցիչ էին գնել: Տատիկս ասաց՝ Լիլիթ ջան, մտի լողացի, նոր գնա, ես էլ մտա լողացա ու տատիկիս շորերը հավաքեցի, եկա տուն, որ լվանամ, մաքրեմ»:
Լիլիթի պատմելով` ավելի ուշ իրեն է զանգահարում Հարությունը եւ ասում, թե ջրատաքացուցիչը վնասվել է եւ ջուրը լցվում է հարեւանի տուն, իսկ իրենք էլ գազից խեղդվում են. «Շատ անհանգստացա, ասեցի՝ Հարութ, տատին ոնց ասել է, այդպես էլ արել եմ, այլ բան չգիտեմ: Հարութը հայհոյեց, թե՝ էս ինչ եք արել, ով իրավունք ունի գա իմ տուն եւ մի բան էլ մտնի լողանա: Այս խոսակցությունից հետո շատ անհանգստացա եւ շտապեցի տատիկիս տուն: Խոսակցությունը թեժացավ, Հարութը հայհոյում էր»:
Ըստ մեր զրուցակցի՝ իր եւ Հարությունի լեզվակռվին է խառնվում նաեւ իր մայրը, իսկ Հարութը զայրացած քաշքշում է իր հորեղբոր կնոջ մազերից. «Որ տեսա մամայիս մազերը բռնեց, ես հրեցի իրեն: Կռվին խառնվեց իր կինը, իր կնոջը սկսեց ծեծել, հետո վազեց խոհանոց, որ դանակը վերցնի: Ահավոր վիճակ էր, իր կինը կանգնեց դեմը, թե՝ տենց բան մի՛ արա: Մենք, որ դանակը տեսանք, երեխեքին վերցրեցինք ու փախանք փողոց, ինքն էլ շարունակեց իր կնոջը ծեծել: Շուտ վազեցինք դուրս ու շտապ մոտակա խանութից ոստիկանություն զանգահարեցինք»,-ասաց Լիլիթը:
Լիլիթի խոսքերով՝ մինչ ոստիկանությունը հասել է դեպքի վայր, Հարութն իր սեւ գործը կատարել էր. «Ոստիկանները Հարութին տարան ու երբ բարձրացանք տուն, տեսանք՝ տատիկս գետնին ընկած էր: Ախր նա անկողնային պառկած էր ու այդ կռվի ժամանակ մենակ ասում էր, որ բոլորդ էլ իմ թոռներն եք, ինչ տարբերություն, թե ով կլողանա: Տեսա տատիկիս ձեռնափայտը կոտրված էր, կաստուրկա կա ընկած գետնին, երեւի դրանով հարվածել էր»:
Ըստ թոռնուհու` Հարութը մշտապես հայտարարել է. «Պառավին մի օր սպանելու եմ, մի օր մորթելու եմ»:
«Մեզ, որ տուն պետք լիներ մենք վաղուց կգնայինք կնստեինք, քանի որ իմ հայրն իմ տատիկի ամենափոքր երեխան է, բայց իրենք են միշտ բնակարանի կռիվ արել, քանի որ տատիկս ասում էր, որ այդ տունը Հարութին չի կտակելու»,-հավելեց Լիլիթը:
Արդյունքում կտակ այդպես էլ չգրվեց, փոխարենը՝ մայիսի 26-ին, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդ. 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Հարությունը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս