ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՑՈՒՑԱԿԸ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Երեկ տեղի է ունեցել ՀԱԿ-ի շտաբի նիստ, որի ընթացքում, սակայն, ՀԱԿ համամասնական ցուցակի կազմավորման վերաբերյալ քննարկումներ չեն եղել: Ըստ armlur.am-ի` քննարկվել են ամսի 17-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին վերաբերող կազմակերպչական հարցեր:

ԲԵԿՈՐԻԿՆԵՐ
«ԱԺՄ-ի բեկորների հետ մերձեցումը կթողնենք խորհրդարանական ընտրություններից հետո»,-Aravot.am-ին ասել է  ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանը: Հարցին, թե ինչու ընտրություններից հետո եւ ոչ մինչ այդ, Մկրտչյանը պատասխանել է,  որ ի սկզբանե էլ այդ միավորումը նախընտրական ենթատեքստ չուներ:

ՉԻ ՄՏՆԻ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը վստահ է, որ առաջիկա խորհրդարանը նախորդից լավն է լինելու, քանի որ այնտեղ ընդդիմությունն ավելի մեծ ներկայություն կունենա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի հետ դաշինքին, ըստ Արզումանյանի` «նույն գետը երկու անգամ չեն մտնի»:

ԿԱ՛Մ ԱՅՈ, ԿԱ՛Մ ՈՉ
Henaran.am-ի հարցին`  հնարավոր է, որ  համապատասխան առաջարկության դեպքում ֆինանսների նախարարը համալրի ՀՀԿ-ի շարքերը, Վաչե Գաբրիելյանը պատասխանել է. «Առաջարկի դեպքում կարող է անդամագրվեմ, կարող է չանդամագրվեմ, իսկ Դուք ինչպե՞ս եք ուզում, որ լինի»:

ԱՆԿԵՂԾ ՉԷ
«Թե ինչքանով է Սարկոզին անկեղծ, չգիտեմ:  Տարբեր կարծիքներ կան, որ դա Սարկոզիի խաղն է: Բայց կարծում եմ, որ դա շատ կտրուկ կարծիք է: Մյուս կողմից, Սարկոզին կարող էր ավելի շուտ ստորագրել օրինագիծը: Սակայն այս դեպքում արդեն հնարավոր կլիներ բողոքարկել օրինագծի ոչ թե սահմանադրականությունը, այլեւ` օրենքը»,-կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը:

ՇՏԻՐԼԻՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Արաբկիրի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը գալիք խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով առաջադրելու է իր թեկնածությունը: Այս մասին նա ասել է Slaq.am-ին:  «Անպայման առաջադրվելու եմ թիվ  4  ընտրատարածքում (Արաբկիր համայնք) ու ինձ սատարելու է իմ կուսակցությունը»,-համոզմունք է հայտնել ՀՀԿ-ական Երիցյանը:

ՀԱԿ-Ի ՈՒ ՀՀԿ-Ի ՄԻՋԵՎ
ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ԱԺ ընտրություններին չի մասնակցի, քանի որ համոզված է, որ այս ընտրությունները, ինչպես եւ նախորդները,  արդար չեն լինի: Ըստ նրա` ընտրությունները կա՛մ ուղղակի կկեղծվեն, կա՛մ էլ ընդդիմությունը գործարքի մեջ կմտնի իշխանությունների հետ եւ խորհրդարանում լսելի ձայն կստանա. «Լավագույն տարբերակը կլինի, իհարկե, ներքին պայմանավորվածությունը, մասնավորապես ՀԱԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ»:




Լրահոս