ԴԻՄՈՒՄ ԳՐՈՂՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ 1974թ. հետո ծնված ԲՀԿ-ական պատգամավորները պատրաստվում են դիմում ներկայացնել ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ պահանջելով իրենց չընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ իրենց նկատմամբ չկիրառել այդ պահումները: Մեր տեղեկություններով՝ պատգամավորները դիմումները ներկայացնելու են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների պաշտոնական հրապարակումից հետո, երբ օրենքն ուժի մեջ մտնի: ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ փաստը: Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը տարածվում է ԱԺ 27 պատգամավորի վրա, որոնցից 10-ը ԲՀԿ-ականներ են: ԲՀԿ-ից դիմում գրելու պատրաստվում են Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը, Վահան Բաբայանը, Մարտուն Գրիգորյանը, Վահե Էնֆիաջյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանը, Տիգրան Ուրիխանյանը, Մուշեղ Պետոյանն ու Դավիթ Քոչարյանը:
ԲՅՈՒՋԵԻ ԲԵՌԸ
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին շրջանում սովորություն էր դարձրել արտասահմանյան այցերի մեկնել բացառապես չարտերային չվերթով, որը բավականին թանկ հաճույք է: Տ.Սարգսյանի վերջին չարտերային թռիչքը եղել է այս տարվա մարտի 19-21ը, երբ նա մեկնել էր Բրյուսել: Երկար ժամանակ կառավարությունը գաղտնի էր պահում դրա վերաբերյալ փաստաթղթերը, եւ միայն երեկ «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ նա չարտերային չվերթով Բրյուսել մեկնելու համար ծախսել է մոտ 28 մլն ՀՀ դրամ կամ 68 հազար ԱՄՆ դոլար: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նա Բրյուսել էր մեկնել ոչ թե որպես ՀՀ վարչապետ, այլ՝ որպես Հանրապետական կուսակցության փոխնախագահ՝ մասնակցելու ԵԺԿ-ի գագաթաժողովին: Այսինքն՝ արդեն ՀՀԿ-ի միջոցառումներն են անցկացվում բյուջեի հաշվին, քաղաքացիների գրպանից վարչապետի վոյաժների վրա ծախսելով այս անգամ 68 հազար դոլար: Թեեւ նկատենք, որ Տ.Սարգսյանի այս քայլը տեղավորվում է իշխանությունների փիլիսոփայության մեջ, երբ նույնացվում են պետությունն ու կուսակցությունը:
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԿԵՂԾԻՔՆԵՐ
Չնայած լրագրողական տեսախցիկները ֆիքսել էին, թե կառավարության ծրագրի ընդունման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն ինչպես էին քվեարկում բացակա ընկերների փոխարեն, բայց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ նման բան չի եղել: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչպես եք գնահատում, որ կառավարության ծրագրի քվեարկությունն անցավ կեղծիքներով, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ես նման բան չեմ տեսել: Դահլիճում հաշվել եմ, թիվը ճիշտ էր: Լսել եմ, որ հին կադրեր են դրել ու ցույց տվել»: Փաստորեն, ՀՀԿ-ական թե՛ պատգամավորների, թե՛ կառավարության անդամների շրջանակներում լուրջ տեսողական խնդիրներ կան, եւ ոչ մի ձեւ նրանք կեղծիքները չեն տեսնում: