«ՕԵԿ-Ը ՈՆՑ ՈՐ ԴՈՒՔԱՆ ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ կուսակցությունից հեռացրել են ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին: Իսկ վերջինս էլ օրվա վերջում հայտարարեց, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից, քանի որ վաղուց հրաժարվել է ՕԵԿ-ից: Բաղդասարյանը գործարար է եւ մշտապես ընկալվել է որպես ՕԵԿ-ի ֆինանսական աղբյուր:
-Դժվար է ասել, որ փողով պահել եմ կուսակցությանը: Բայց ամեն ինչ արել եմ, որ ՕԵԿ-ը հաջողություններ ունենա: Դատապաշտպանի դեր էի ստանձնել: Իհարկե, ֆինանսական ծախսեր էլ եմ արել` ոչ քիչ:
-Իսկ ինչո՞ւ գժտվեցիք:
-2009-ի մայիսի 15-ից` ավագանու ընտրություններից հետո, ՕԵԿ ղեկավարների անպարկեշտ պահվածքի համար ես հեռացա կուսակցությունից:
-Այն ժամանակից, երբ ՕԵԿ-ի ադամանդակուռ նշանը Ձեր կոստյումի վրայից անհետացա՞վ:
-Չէ՛, դրանից առաջ: Բայց մինչեւ պատգամավոր դառնալը կար այդ կոնֆլիկտը:
-Այդ դեպքում ինչպե՞ս մանդատ ստացաք:
-Դա լրիվ այլ հարց է: Այն ժամանակ, երբ Բալասանյան Սամվելը գնաց ԲՀԿ, ՕԵԿ-ի «մուտիլովշիկները» սկսեցին ասել, թե ես էլ եմ գնում ԲՀԿ: Եւ էդ քայլից իբր թե ինձ զերծ պահելու համար որոշեցին մանդատ տալ, որ չգնամ: Բայց ես իմ առաջ տենց խնդիր չէի դրել: Տիկին Բիշարյանն ինձ 1 շաբաթ համոզեց, որ մանդատը վերցնեմ: Ես էլ մտածեցի, որ ես քրտնել եմ այդ մանդատի համար, դա ինձ նվեր չեն տվել: 2007-ին 7000 մարդ ինձ վստահեց, եւ ես եկել էի ԱԺ` մարդկանց համար աշխատելու, ոչ թե կոճակ սեղմելու: Իրենք վրդովվեցին, որ ես իրենց նման չեմ քվեարկում, այլ բաներ եմ անում:
-Ո՞վ է վրդովվել:
-Բիշարյան Հեղինեն ասում է, թե խմբակցության որոշում կա: Ես էլ հարցրի` դուք ֆրակցիա էլ ունե՞ք: Բացատրեցի, որ պատգամավորը քվեարկում է իր խղճի եւ համոզմունքի համաձայն, այլ ոչ թե Բիշարյանի հրամաններով, որը ստանում է չգիտեմ որտեղից: Զանգեց, Բաղրամյանի էն մյուս թեւից իմ հարցի լուծումը տվեցին:
-Իսկ Դուք մանդատից ինչո՞ւ եք հրաժարվել: Ստիպե՞լ են:
-Ո՛չ, դեռ Նոր տարուց առաջ էի ուզում հրաժարվեմ: Բոլորը գիտեին դրա մասին: Ուղղակի ուզում էի գեղեցիկ անել, հայտարարությունների ժամին հայտարարեի: Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, չհասցրեցի հերթագրվեմ, որ կարդայի:
-Եթե ասում եք, որ մանդատը Ձեզ չեն նվիրել, այլ վաստակել եք, ինչո՞ւ եք հրաժարվում:
-Կմտածեմ, դեռ 15 օր ժամանակ կա: Ես «Օրինաց երկրից», անկեղծ ասած, հոգնել եմ. մուտիլովկեքից, անպարկեշտ վերաբերմունքից, վարքագծից: Բոլորին էշի տեղ են դրել: Նայում են աչքերիդ մեջ, նենց սուտ են ասում…
-Օրինակներո՛վ խոսեք, խնդրում եմ:
-Դրա խնդիրը չկա: Նայե՛ք ՕԵԿ-ի համամասնական ցուցակը եւ տեսե՛ք` ովքեր էին այնտեղ, իսկ հիմա ովքեր են իշխանություն դարձել. Մանուկ Վարդանյան, Արմեն Երիցյան, Սերգո Կարապետյան… ի՞նչ կապ ունեն ՕԵԿ-ի հետ, որ նախարար են դարձել: Ով է պատերազմ տվել, ով է պայքարել ՕԵԿ-ի գաղափարների համար, իսկ ով է վայելում: ՕԵԿ-ը ոնց որ դուքան լինի. որոշումը մեկն է կայացնում, մնացածը ենթարկվում են: Իսկ ինձ անպարկեշտության մեջ են մեղադրում (ծիծաղում է-Թ.Մ.):
-ՕԵԿ-ն ասում է, որ չեք աշխատել, բայց մեծ ակնկալիքներ եք ունեցել:
-Բացարձակ, ես ոչ մի ակնկալիք չունեմ: Միայն ուզում եմ, որ էս երկրում աղբարկղերի մոտից ժողովուրդը հեռու գնա: Ես գյուղատնտեսական ֆերմա ունեմ, ձկնաբուծությամբ եմ զբաղվում: Աստվածահաճո գործ ենք անում: Ո՛չ հանցագործ եմ, ո՛չ կաշառակեր չինովնիկ: Իմ ընտանիքն արժանավայել պահում եմ, իրենց նման ագահ չեմ, որ սա ինձ, սա ինձ, սրան ձեռք տվողին էլ… Ես ուզում եմ, որ ՕԵԿ-ի նախարարները, վարչության պետերն ինձ խայտառակ չանեն, որովհետեւ ես եմ գնացել, ընտրողին խնդրել, որ ՕԵԿ-ին ձայն տան: Իսկ ովքեր որ ՕԵԿ-ի քվոտայով իշխանություն են ստացել, պատասխանատվություն չունեն: Ինձ ոչ մի բան պետք չի: Ես բարձրագույն զինվորական կրթություն ունեմ, տեխնիկական գիտությունների թեկնածու եմ: Ես ուզում եմ, որ մեր երկրից մարդիկ չփախնեն:
-Հնարավո՞ր է` ԲՀԿ-ական դառնաք:
-Սուտ են ասում. տենց բան չկա ու չի էլ կարա լինի: Այսինքն` կարա լինի, եթե ԲՀԿ-ն իսկապես ունի էդ ծրագիրը:  
-Իսկ ՀՀԿ-ական հնարավո՞ր է՝ դառնաք:
-Այ էդ մեկը երեւի դժվար հավանական ա: Ավելի շուտ կգնամ այնտեղ, որտեղ իսկապես մարդիկ ուզում են մեր երկրի նախագահի ասածով անեն` երկրում մի բան փոխվի:
-Ամեն դեպքում կոնկրետ օրինակով չեք բացատրում՝ ինչն է Ձեզ ՕԵԿ-ում վրդովեցնում:
-Էդ մարդիկ նենց են փոխվել, դարձել են անճանաչելի: Ես չեմ հասկանում, թե ում հետ գործ ունեմ: Ես եկել եմ ՕԵԿ, երբ նրանք ընդդիմություն էին: Հիմա պետք է սրանցից հեռու մնալ: Ի՞նչ էին ուզում ինձանից. անցած ընտրությունների նման էրեխուս բերանից կտրեմ, բերեմ, որ ՕԵԿ-ը հասնի իշխանության ու ինձ թալանի՞: Մարդիկ փող կուտակելու մանյակ են դարձել:
-Դուք Արթուր Բաղդասարյանի հետ մտերիմ եք եղել, կասե՞ք` ոնց նրան հաջողվեց 2-3 տարում դառնալ խոշոր գործարար:
-Շատ հետաքրքիր հարց էր: Դուք հետաքննե՛ք, պարզե՛ք: Ես 20 տարի բիզնես եմ անում, այդքան կարողություն չունեմ: Բայց մի բան գիտեմ, որ հարամ բանը մի տեղից դուրս է տալու:

Թ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս